
Ապրիլի 8-ին, ժամը 20:00-ին Թբիլիսիի ֆիլհարմոնիայի շենքի մոտից տեղի կունենա լրատվամիջոցների համերաշխության երթ դեպի խորհրդարան։
«Չի լինի լրատվամիջոց՝ չեն լինի ազատ խոսք, ճշմարտություն և արդարություն». այս կարգախոսով ցուցարարները բողոքում են լրատվամիջոցների նկատմամբ «Վրացական երազանք»-ի ճնշումների դեմ:
«Վերջերս մեդիա կազմակերպությունների վրա աննախադեպ մասշտաբի հարձակումը վտանգի տակ է դրել նրանց գործունեությունը. սահմանափակող օրենքները, լրագրող քաղբանտարկյալները, ծեծը, սպառնալիքները, գրաքննությունը, հալածանքները դարձել են վրացական լրատվամիջոցների առօրյան»,- ասված է երթի մասին հայտարարության մեջ:
Կազմակերպիչները նշել են, որ ազատ ԶԼՄ-ների համար պայքարը միայն լրագրողների գործը չէ, և նրանց գործունեության սահմանափակումից տուժելու է յուրաքանչյուր քաղաքացի, և «դա քաջ հայտնի է հանրությանը, որը ամիսներ շարունակ փողոցներում պայքարում է ժողովրդավարական արժեքների համար»: