Ապրիլի 13-ի վրացական մամուլի տեսություն

Ապրիլի 13-ին վրաստանյան մամուլում առավել ուշադրության արժանացած թեման  կրկին Ազգային ժողովրդավարության ինստիտուտի` NDI-ի կողմից հրապարակված հանրային կարծիքի հարցման քաղաքական մասն էր: 

  • Հարցումներից մեկի  համաձայն` Վրաստանի խորհրդարանի գործունեության վերաբերյալ 71%-ը տեղյակ չէ, 21%-ը` ընդհանրապես տեղյակ չէ,  եւ ընդամենը 7%-ը շատ լավ գիտի, թե ինչ է տեղի ունենում երկրի օրենսդիրում: Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի գործունեությունը դրական են գնահատում հարցվածների 27 տոկոսը, 17%-ը բացասական, իսկ 50%-ը միջին է գնահատել: Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուփաշվիլիի գործունեությունը հարցվածների 21%-ը դրական է գնահատել, 48%-ը` միջին, իսկ 14 տոկոսը` վատ: Զեկույցում անդրադարձել են նաև ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Դավիթ Բաքրաձեի և իշխող կոալիցիոն` «Վրացական երազանք»-ը համակարգող Զվիադ Կվանճատիրաձեի գործունեությանը:
  • Ինչ վերաբերում է կուսակցական վարկանիշին, ապա «Վրացական երազանք» կուսակցությունը գտնվում է առաջին տեղում` ստանալով հարցվածների 15%ի հավանությունը: Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում»-ը փոքր տարբերությամբ երկրորդ հորիզոնականում է` 13 տոկոսով: Հարցին, թե ո՞ր կուսակցության օգտին երբեւէ չէին քվեարկի, մասնակիցների 20%-ը պատասխանել է` «Միացյալ ազգային շարժում», իսկ 19%-ը` «Վրացական երազանք»-ին: Ազգային ժողովրդավարության ինստիտուտի ուսումնասիրության համաձայն`  հարցվածները առավել դրական են գնահատում Առողջապահության նախարարության գործունեությունը: NDI-ի զեկույցին էին անդրադարձել գրեթե բոլոր վրացալեզու լրատվամիջոցներն` ընդ որում հաճախ մի քանի հոդվածներով ու տեսանյութերով:
  • «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հաղորդումներից մեկի ուղիղ եթերով Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին անդրադարձել է իր կառավարման շրջանին. «Ի՞նչ ասեմ, ինչո՞վ ուրախացնեմ ձեզ: Իմ երկրում խնդիրներ առաջացան եւ հենց այդ պատճառով ստիպված եղա լքել Վրաստանը: Չնայած` սիրտս մինչ օրս Վրաստանում է»: Ներկայացնելով իր փորձը` նախկին նախագահը նշում է, «2012-ի նախընտրական քարոզարշավի ընթացքում ժողովրդին մի հարց էի տալիս. Բարելավվե՞ լ է արդյոք ձեր կյանքը 2003 թվականի համեմատ, որին միայն կար 1 պատասխան` այո»,  ասում է Սահակաշվիլին: Նախկին նախագահի համաձայն`  եթե հիմա Վրաստանում քննարկվող թեման հնարավոր նոր տեսանյութերի հրապարակումն էր, ապա իր կառավարման շրջանում խոսվում էր նոր համալսարան, ավտոճանապարհ կառուցելու, գործազրկության հետ պայքարելու մասին: Անդրադառնալով այս տարվա հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին` Սահակաշվիլին ասել է, թե Վրաստանի հազարամյա պատմության մեջ 7 միլիոն զբոսաշրջիկ միայն իր եւ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կառավարման ժամանակաշրջանում է եղել:
  • «Կվիրա» պարբերականը գրեց նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության մասին: Մասնավորապես`  փոխանցվեց պաշտոնական Երևանի տեղեկատվությունն առ այն, որ  ադրբեջանական կողմը անցած օրվա ընթացքում խախտել է հրադադարի ռեժիմը 106 անգամ: Օգտագործվել է ինչպես թեթև սպառազինություն այնպես էլ ականանետեր: Լեռնային Ղարաբաղում վիրավորվել է 1 զինծառայող: Իր հերթին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե Հայաստանի հանրապետության զինված ուժերը հրադադարի ռեժիմը խախտել են 120 անգամ, օգտագործելով 60 մմ-անոց ականանետեր:
  • Վրաստանյան մամուլն անդրադարձավ նաև գաղտնի ձայնագրությունների մեղադրանքով ձերբակալված`  Գելա Ղուրծկայայի ինքնախոստովանական ցուցմունիքին: Այս մասին տեղեկացրել է վերջինիս փաստաբան Միլեր Ծոծորիան: Փաստաբանի փոխանցմամբ`  Գելա Ղուրծկայան շահադիտական նպատակներով, Նիկոլոզ Խաճապուրձեից ստացել է անձնական կյանքին վերաբերող տեսանյութեր և որոշել է դրանք 1.000 լարիով վաճառել լրագրող Էլիսո Կիլաձին:  Այսուհանդերձ` գործարքը չի կայացել, քանի որ Կիլաձեն չի ցանկացել ընդունել ձայնագրությունը: Այսպես կոչված` գաղտնի ձայնագրությունների գործով,  բացի Գելա Ղուրծկայայից ձերբակալված են նաև մի քանի այլ անձինք:
  • Խոսվեց նաև Պանամայի ոստիկանության կողմից` «Mossack Fonseca» իրավաբանական կազմակերպության տարածք ներխուժելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ այս կազմակերպությունը օֆշորային սկանդալի կենտրոնում է հայտնվել: Լրագրողների միջազգային կոնսորցիումը տարբեր երկրների առաջնորդների և քաղաքական գործիչներին վերաբերող փաստաթղթեր է հրապարակել: Լրագրողների ձեռքում է հայտնվել 2,6 տեռաբայթ ծավալ ունեցող էլեկտրոնային փաստաթղթերի փաթեթ: Ենթադրվում է, որ վերոնշյալ ընկերության հաճախորդները խուսափել են հարկային պարտավորություններից:
  • Լրատվականները հոդվածներ հրապարակեցին նաև Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆֆրի Ֆելթմանի հետ ունեցած հանդիպման մասին: Հանդիպումը կայացել է Վրաստանում, որի ընթացքում կողմերը քննարկել են ՄԱԿ-ի և Վրաստանի համագործակցությանը վերաբերող հարցեր, ինպես նաև համաշխարհային զարգացումները: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Վրաստանի և տարածաշրջանի անվտանգությանն առնչվող թեմաներ: Արտաքին գործերի նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին է ներկայացրել Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում տիրող իրավիճակը:
  • Ինպես ասվում է «kvira.ge» պարբերականի հոդվածում, վրացական կողմը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի կողմից Վրաստանի դեմ վարվող անեքսիայի քաղաքականությունը: Խնդիրը վերաբերում է Աբխազիայում և Ցխինվալիում հանրաքվե անցկացնելու մտահաղացմանը: Նախարարի խոսքերով` Ռուսաստանի Դաշնության անօրինական գործողությունները վտանգում են Վրաստանի և տարածաշրջանի անվտանգությանը: Իր հերթին Ջեֆֆրի Ֆելթմանը հաստատել է ՄԱԿ-ի դիրքորոշումը` Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ:

Թողնել պատասխան