
«Վրացական երազանք»-ը տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններից առաջ փորձում է «մաքրել» ընդդիմադիր քաղաքական դաշտը. չունենալ իրական ընդդիմություն ու ՏԻՄ ընտրություններին մասնակցել իրենց կուսակցությունից անջատված, բայց իրենց արբանյակ հանդիսացող կեղծ ընդդիմությամբ, անդրադառնալով «Վրացական երազանք»-ի ներկայացրած կուսակցությունների արգելման վերաբերյալ գործող կանոնակարգում փոփություններին` ասացին վրաստանյան փորձագետները:
«Վրացական երազանք»-ի նախաձեռնած փոփոխությունների համաձայն, Սահմանադրական դատարանը կուսակցությունների արգելման հարցը քննարկելու համար կունենա 9 ամիս ժամանակ, մինչդեռ նախընտրական շրջանում եթե «նմանատիպ» կուսակցությունն արդեն արգելվել է, ապա 14 օրվա ընթացքում կարող է որոշում կայացնել։
Կուսակցությունում այս փոփոխությունները հետևում են ընդդիմադիր կուսակցություններին արգելելու ցանկությանը, որն իրենք անվանում են «Հավաքական ազգային շարժում»` նկատի ունենալով 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությանն ու, իբր, դրա հետ կապ ունեցող կուսակցություններին:
Ըստ փորձագետների՝ «Վրացական երազանք»-ը կարող է «Հավաքական ազգային շարժում»-ի հետ կապ ունեցող հայտարարել բոլոր այն ընդդիմադիր կուսակցություններին, որոնք հիմա այլ կուսակցություն ունեն, բայց, ասենք, ժամանակին եղել են ՄԱՇ-ի անդամ կամ որևէ կերպ առնչվել են այդ կուսակցությանը: Փորձագետների գնահատմամբ՝ խնդրահարույց է նաև այն, որ «Վրացական երազանք»-ը կարող է ոչ միայն արդեն իսկ գոյություն ունեցող կուսակցություններին համարել «Հավաքական ազգային շարժում», այլև՝ հետագայում թույլ չտալ գրանցվել նոր կուսակցությունների:
Մարտի 26-ին «Վրացական երազանք» խմբակցությունը փաթեթ է ներկայացրել խորհրդարան, որով փոփոխություններ են նախատեսվում կուսակցությունների արգելման վերաբերյալ գործող կանոնակարգում։ Փաթեթում երկու օրենք կա.
- «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություն,
- «Փոփոխություն կուսակցությունների մասին» օրենքում (պաշտոնապես՝ «Քաղաքացիների քաղաքական միավորումների մասին») փոփոխություն:
Ինչ են ասում փորձագետները
Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախկին պետնախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց՝ «Վրացական երազանք»-ը վախենում է ՏԻՄ ընտրություններում պարտություն կրելուց. «Վրացական երազանք»-ը, հաշվի առնելով, թե ինչպես է կեղծել խորհրդարանական ընտրությունները, խաբել Եվրոպային, վախենում է կորցնել իր ընտրողներին, իսկ դրանից խուսափելու միակ տարբերակն ընտրություններին առանց ընդդիմության մասնակցելն է:
««Վրացական երազանք»-ի խնդիրն է մասնակցել ՏԻՄ ընտրություններին ու առանց որևէ բարդության կեղծելու, մանիպուլացիաներ անելու հաղթել, իսկ դրա միակ երաշխիքն ընդդիմության արգելքն է: Արգելելով ընդդիմությանը` «Վրացական երազանք»-ն այլևս որևէ խնդիր չի ունենա, անհրաժեշտ չի լինի կեղծել դրանք կամ մանիպուլացիաների դիմել, քանի որ դրանց կմասնակցեն իշխող ուժն ու նրա արբանյակ ընդդիմությունը», — ասաց Զաքարեիշվիլին:
Կոնֆլիկտաբանի դիտարկմամբ, «Վրացական երազանք»-ի նպատակը ոչ թե ընդդիմությանը վարկաբեկելն է, այլ մաքսիմալ քիչ ընդդիմությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցելը:
Վրաստանի համալսարանի Gnomon Wise հետազոտական կենտրոնի ներկայացուցիչ, սահմանադրագետ Դավիթ Զեդելաշվիլիի կարծիքով` «եթե ռեժիմը արգելի քաղաքական ընդդիմությունը, մաքրի քաղաքացիական հասարակությունը և հաստատի հեգեմոն վերահսկողություն լրատվամիջոցների վրա, ապա հաջորդ տասնամյակ(ներ)ում ժողովրդավարացման համար պատուհան բացելու միայն հետևյալ հնարավորություններն են մնում».
- Ռուսաստանի ռազմական պարտությունը մայրցամաքային պատերազմում,
և/կամ - ռեժիմի կոլապս՝ բռնապետի իրավահաջորդության շուրջ ավտորիտար վերնախավերի հակամարտության պատճառով, որտեղ ոչ մի խումբ ի վիճակի չէ ներքուստ կոնսոլիդացվել, և իշխանության ու արտաքին գործոնների թուլության պատճառով (եթե կան ժողովրդավարացման արտաքին օգուտներ) ընտրում է ժողովրդավարացման/վերադարձի ուղին դեպի մասամբ մրցակցային ռեժիմ։
Իրավաբան Սաբա Բրաճվելիի խոսքով, «մայիսի 5-ին կավարտվեն խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքները, որի եզրակացության հիման վրա կարգելվեն իսկական սահմանադրական ընդդիմադիր բոլոր կուսակցությունները։ Ռեեստրը նոր կուսակցություններ չի գրանցի (այդպես արդեն անում են)»։
Իրավաբանի դիտարկմամբ՝ «միաժամանակ ռուսական նոր օրենքը կսպանի քաղաքացիական սեկտորը։ Եթե չհաջողվի սպանել, ապա նրանց թույլ չեն տա դիտորդական առաքելություն իրականացնել ընտրություններին: Այդ ընթացքում քննադատական հեռուստաընկերությունները կա՛մ կփակվեն ֆինանսավորման սահմանափակ աղբյուրների պատճառով, կա՛մ Բեքաուրին կխեղդվի հեռարձակման մասին օրենքով սահմանված տուգանքներից»:
«Մաքրված դաշտում «Վրացական երազանք»-ը կնշանակի արտահերթ ընտրություններ, որտեղ ներկա կլինեն միայն ինքը և իր արբանյակները: «Երազանք»-ը կվերցնի սահմանադրական մեծամասնություն: Դրան կհաջորդի 78-րդ (Վրաստանի Եվրատլանտյան ընտանիքին միանալը — հեղ.) հոդվածի հանումը, «կոլեկտիվ նացերին» արգելելու, «3+3» ձևաչափին միանալու սահմանադրական արձանագրությունը և այլ դավաճանություններ, որոնք նրանք ցանկանում էին 2024 թվականի ընտրություններից հետո», — գրել է Բրաճվելին:
Ինչ է ենթադրում «Վրացական երազանք»-ի նոր փոփոխություններում 9-ամսյա ժամկետը
Սահմանադրական դատարանի օրենքում նախատեսվող փոփոխությամբ Սահմանադրական դատարանի համար կսահմանվեն կուսակցական գործունեության սահմանադրականության վերաբերյալ որոշում կայացնելու ժամկետներ։ Մասնավորապես՝ «կուսակցության գործունեության սահմանադրականության և ներկայացուցչական մարմնի անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ սահմանադրական բողոքով որոշում կայացնելու ժամկետը չի կարող գերազանցել 9 ամիսը՝ Սահմանադրական դատարան բողոքը ներկայացնելու օրվանից»։
Ինչ է ենթադրում «Վրացական երազանք»-ի նոր փոփոխություններում 14-օրյա ժամկետը
Ընտրական շրջանում նաև սահմանվում է 14-օրյա ժամկետ՝ այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը քննարկում է նոր, «նմանատիպ» կուսակցության արգելման հարցը։ Դա հնարավոր է դարձել կուսակցությունների մասին օրենքում նախաձեռնված փոփոխությունների հետևանքով: Մասնավորապես՝ «Վրաստանի Սահմանադրական դատարանը կարող է արգելել կուսակցությանը, որի հայտարարված նպատակը և (կամ) գործունեության էությունը (ներառյալ կադրերը և/կամ համապատասխան ընտրական հանձնաժողովին ներկայացված կուսակցական ցուցակի կազմը) էապես կրկնում են Սահմանադրական դատարանի կողմից արդեն արգելված կուսակցության հայտարարված նպատակը և/կամ գործունեության էությունը (ներառյալ նրա կադրերը):
Սա նշանակում է, որ եթե նոր կուսակցությունը համալրված է նույն մարդկանցով, ովքեր եղել են արդեն իսկ արգելված կուսակցությունում, ապա կուսակցությունը կարող է 14 օրվա ընթացքում արգելվել։
Նախաձեռնված փոփոխություններով Վրաստանի Սահմանադրական դատարանը կարող է նաև արգելել այն կուսակցությանը, որի նպատակն է բռնի ուժով տապալել կամ փոխել Վրաստանի սահմանադրական կարգը, ոտնձգել երկրի անկախության նկատմամբ, ոտնահարել նրա տարածքային ամբողջականությունը կամ զբաղվել պատերազմի կամ բռնության քարոզչությամբ, հրահրել ազգային, էթնիկ, կրոնական կամ սոցիալական վեճեր, ստեղծել զինված կամ սոցիալական բախումներ։
Կուսակցությունների արգելում ներքաղաքական ու արտաքին քաղաքական ճգնաժամի ֆոնին
Քաղաքական ճգնաժամի, դաժան ծեծի ենթարկված ցուցարարների, քաղաքական գործիչների, անհասկանալի պատճառներով կալանավորված երիտասարդների, շարունակական բողոքի ակցիաների և միջազգային պատժամիջոցների պայմաններում «Վրացական երազանք»-ը նախատեսում է արգելել «Հավաքական ազգային շարժում»-ը:
«Վրացական երազանք»-ը խորհրդարանական վիճահարույց քննչական հանձնաժողովից հետո պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան և պահանջել արգելել «Հավաքական ազգային շարժում»-ը։
ՄԱՇ-ի արգելումն ու կուսակցության նկատմամբ «քաղաքական ու իրավական խիստ դատավճռի» կայացումը «Վրացական երազանք»-ի նախընտրական խոստումն էր, որի համար կուսակցությունը մտադիր էր խորհրդարան մտնել սահմանադրական մեծամասնությամբ, սակայն չստացվեց:
Մի քանի օր առաջ՝ 2025 թվականի մարտի 27-ին, «Վրացական երազանք»-ի առաջնորդներից Մամուկա Մդինարաձեն հայտարարել էր, որ «Հավաքական ազգային շարժում»-ն ու «նրա արբանյակներն» այլևս չեն մասնակցելու ոչ միայն ինքնակառավարման ընտրություններին, այլև այս երկրում անցկացվող ոչ մի ընտրության։
Նույն ճեպազրույցում նա ասել էր, որ «Վրացական երազանք»-ն ընդլայնում է խորհրդարանում իրենց ստեղծած ժամանակավոր քննչական հանձնաժողովի մանդատը. նրանց գործունեությունն այլևս չի սահմանափակվելու ՄԱՇ-ի իշխանության ժամանակով (2003-2012 թթ.), այլ հասնելու է մինչև մեր օրեր: