Ամրապնդելով հարաբերությունների հիմքերը․ Հայաստանի եւ Վրաստանի բուհերի ուսանողները հաջողությամբ համագործակցում են

Հայաստանի եւ Վրաստանի բուհերի ուսանողներն արդեն երկու տարի հաջողությամբ համագործակցում են, որի արդյունքում կարողացել են իրականացնել ոչ միայն մի շարք համատեղ հետազոտություններ, այլեւ ընկերացել են ու հետագա համագործակցության հիմքեր ստեղծել։

Երկու տարի առաջ Հարավային Կովկասում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ մեկնարկեց հայ-վրացական ակադեմիական եւ ուսանողական համագործակցություն՝ Երեւանի պետական համալսարանի Քաղաքակրթական եւ մշակութային հետազոտությունների կենտրոնի, «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների կենտրոնի եւ Վրաստանի մարդաբանների ասոցիացիայի հետ համագործակցությամբ:

Երեւանի պետական համալսարանի Քաղաքակրթական եւ մշակութային հետազոտությունների կենտրոնը (ԵՊՀ ՔՄՀԿ) տնօրեն Դավիթ Հովհաննիսյանը, ով նաեւ այս ծրագրի համակարգողն է, «Ալիք մեդիային» ասում է, որ ծրագրի ընթացքում Հայաստանի եւ Վրաստանի բուհերի եւ գիտական հաստատությունների ասպիրանտուրայում, մագիստրատուրայում եւ բակալավրի ավարտական կուրսերում սովորող ուսանողներն իրականացրել են մի շարք համատեղ հետազոտություններ՝ գիտական ուղղորդողների աջակցությամբ, որոնք ոլորտի լավագույն մասնագետներից են:

Հետազոտական խմբերը կազմվել են Հայաստանի եւ Վրաստանի ընթացիկ խնդիրներին առնչվող թեմաներով՝ դիտարկելով դրանք տարածաշրջանային, գլոբալ քաղաքականության եւ սոցիալ մշակութային տեսանկյունից:

«Այս ծրագրի նպատակներից է նաեւ հայ-վրացական հարաբերությունների հիմքերի ամրապնդումը։ Մեր հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն եւ կարեւոր է, որ այդ հարաբերությունների պահպանումը չթողնել միայն պետության ուսերին»,-ասում է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ծրագրի շրջանակներում հայ եւ վրացի գիտական ուղղորդողներից յուրաքանչյուրն աշխատում է ծրագրի 3-4 մասնակիցների հետ, որից հետո արդեն եւս մեկ անգամ ստուգվում է նրանց աշխատանքը, մի քանի անգամ մշակման, ուղղորդման փուլ է անցնում, որպեսզի հնարավորինս բարձր մակարդակն ապահովվի։

13615096_554054074766604_2915734004182317407_n

Արդեն պատրաստի աշխատանքները ներկայացվում է կլոր սեղանների շրջանակներում, որի շնորհիվ ծրագրի մասնակիցները նաեւ իրենց աշխատանքները ներկայացնելու փորձ են ձեռք բերում։

Ծրագրի գիտական ուղղորդողներից Սաթենիկ Մկրտչյանն ասում է, որ նախ ծրագրի մասին հայտարարություն են արել, որի միջոցով տարբեր համալսարանների, տարբեր ֆակուլտետներից հավաքվել են հայտերը, որոնցից էլ կատարվել է ուսանողների ու նրանց թեմաների ընտրությունը։ Այնուհետեւ որոշվել են թեմաների ղեկավարները։

«Հայաստանից շատ տարբեր են դիմորդները, Սլավոնական համալսարանից, Ամերիկյան, կան, որ արդեն ավարտել են եւ որեւէ տեղում չեն սովորում, դեռ կողմնորոշվում են ուսումը շարունակելու հարցում կամ շարունակում են հետազոտություններ իրականացնել եւ ցանկացել էին մասնակցել։ Իսկ Վրաստանից հիմնականում Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողներն են եղել»,-ասում է Մկրտչյանը՝ հավելելով, որ նրանք ծրագրին մասնակցում են` հանուն իրենց կարողությունների բարձրացման եւ ըստ իրենց հետաքրքությունների` առանց դրամական կամ որեւէ այլ նյութական խրախուսման:

Ծրագրի մասնակիցներից Հրայր Զոհրաբյանը ծրագրի շրջանակներում հնարավորություն է ունեցել գիտական ուղղորդող Հրանուշ Խառատյանի հետ միասին համեմատել բռնադատվածներին վերաբերող օրենքները։

«Սովետական բռնաճնշումների զոհերի վերաբերյալ աշխատանք էի կատարում ու միշտ մտածում էի, թե ներկայիս օրենքներն ինչ են նախատեսում բռնադատվածների, նրանց ժառանգների համար։ Այս ծրագիրը շատ լայն հնարավորություններ է տալիս, դիմեցի ու հենց այդ թեման վերցրեցի։ Սկզբից որոշել էի համեմատել Հայաստանի ու Վրաստանի օրենքները, բայց հետո հասկացա, որ դրանց համար մոդելային է եղել Ռուսաստանի համապատասխան օրենքը, բնականաբար, միացավ նաեւ Ռուսաստանը, հետո որոշեցի դիտարկել նաեւ Ադրբեջանի օրենքը»,-պատմում է Զոհրաբյանը։

13592599_554147238090621_3702401876010541005_n

Հետազոտողը փորձել է հասկանալ նաեւ, թե ինչ բացթողումներ կան օրենքներում։

«Օրինակ՝ 1949 թվականի բռնադատվածների մեջ որպես «գերմանական բանակի հայկական լեգիոնի անդամ» աքսորվածներ են եղել։ Հայաստանի օրենքում նրանց անդրադարձ չկա։ Վրաստանում Սահակաշվիլիից հետո մի քանի անգամ փոխվել է այս օրենքը եւ, ի տարբերություն Հայաստանի ու Ադրբեջանի, ավելի մանրամասն է գրված ու ավելի շատ շերտերի է վերաբերում»,-ասում է Զոհրաբյանը։

Ծրագրի մասնակիցներից Աշխեն Հակոբյանն էլ փորձել է Իոսիֆ Ստալինին ուղղված նամակների հիման վրա ուսումնասիրել սովետական իդեալական քաղաքացու կերպարը։

«1949-ից հայ աքսորվածների գրած նամակներն էի ուսումնասիրել ու հետաքրքիր էր, թե ինչքանով են մարդիկ յուրային Սովետական միության համար։ Դա ապացուցելու համար նրանք շատ բաներ էին անում, պատերազմի մասնակցությունը, պրոլետարական ծագում ունենալը, դաշնակների թշնամին լինելը, որոշ կետերով ցույց են տալիս, թե ով պիտի չլինեն»,-ասում է Հակոբյանը՝ հավելելով, որ ծրագրի ընթացքում իր աշխատանքը 5-6 գիտական ղեկավարի ձեռքի տակով է անցել, տարբեր մեկնաբանություններ են եղել, որն աշխատանքն առավել հետաքրքիր է դարձնում, իսկ արդյունքը՝ առավել հաջողված։

Հակոբյանն արդեն հասցրել է նաեւ վերջերս իր աշխատանքը ներկայացնել Սանկտ Պետերբուրգում անցկացված ուսանողական գիտաժողովի շրջանակներում։

Աշխեն Հակոբյանի կարծիքով համալսարանական կրթական միջավայրում գիտական աշխատանքի գործնական հմտությունների վրա քիչ են աշխատում, մինչդեռ նման ծրագրերում աշխատանքային բավական լայն գործիքակազմ կա:

«Ծրագրի խորհրդատուները բավական լավն են, աշխատանքային ուժեղ թիմ կա, անընդհատ կապի մեջ ենք ու տեմպի մեջ է պահվում ծրագիրը, ինչը նպաստեց ստանալ իմ պատկերացրած հետազոտությունը»-ասում է Հակոբյանը։

Ծրագրի գիտական ուղղորդողներից Սաթենիկ Մկրտչյանը հատկապես կարեւորում է այն, որ առկա կրթական համակարգից ավելին ստանալ ցանկացող ուսանողներն իրենց ներուժը կարող են օգտագործել նման ծրագրերում։

«Փնտրող, պրպտող, նոր մեթոդներ գտնող ուսանողների համար սա շատ լավ ֆորմատ է։ Ուսանողների հետ մանրակրկիտ աշխատանք է տարվում, մինչդեռ բուհական միջավայրում ոչ միշտ է ուսանողների հետ այսպիսի աշխատանքի ժամանակ լինում, մանրամասն նայում են նրա կատարած աշխատանքը, խորհուրդներ են տալիս, որպեսզի ուսանողն էլ հասկանա, թե կոնկրետ ինչ սխալների ուղղումների արդյունքում իր աշխատանքը կբարելավվի»,-ասում է Մկրտչյանը՝ հավելելով, որ բացի այդ, համատեղ հայ-վրացական հետազոտությունների հնարավորությունը նույնպես շատ կարեւոր է` հասարակությունների փոխճանաչման հնարավորությունների տեսանկյունից:

Նախորդ ծրագրի շրջանակներում արդեն պատրաստվել է 9 հետազոտությունից բաղկացած վերլուծական տեղեկագիր։ Առաջիկայում կամփոփվեն նաեւ երկրորդ ծրագրի արդյունքներն ու կկազմվի Հայաստանի ու Վրաստանի ուսանողների հետազոտություններն ամփոփող եւս մեկ կարեւոր տեղեկագիր։ Իսկ արդեն մայիսի 20-ին Թբիլիսիի պետական համալսրանում կանցկացվի հերթական կլոր սեղանը՝ ուսանողներին ընձեռելով իրենց աշխատանքները ներկայացնելու հնարավորություն։ Հունիսի 3-ին էլ նախատեսվում է նմանատիպ հանդիպում անցկացնել Երեւանի պետական համալսարանում։

Թողնել պատասխան