
Վրաստանի իշխանամետ պրոպագանդիստական «Իմեդի» հեռուստաընկերության սեփականատեր Իրակլի Ռուխաձեն պարտվել է Անգլիայի Գերագույն դատարանում. նրան պարտավորեցրել են 170 միլիոն դոլար փոխհատուցում վճարել։ Տեղեկությունը տարածել է վրաստանյան bm.ge լրատվամիջոցը:
2025 թվականի մարտի 19-ին Անգլիայի և Ուելսի Գերագույն դատարանը ուժի մեջ է թողել Վերաքննիչ դատարանի 2023 թվականի մարտի 21-ի վճիռը, որն իր հերթին անփոփոխ էր թողել 2022 թվականի հուլիսի 25-ի վճիռը, որը Ռուխաձեին և իր բիզնես գործընկերներին՝ Բենջամին Մարսոնին և Իգոր Ալեքսեևին, պարտավորեցրել է փոխհատուցում վճարել Revoker և Recovery Partners ընկերություններին: Իրակլի Ռուխաձեն այս գործով Անգլիայի դատարանում վեճերը պարտվել էր 2021 և 2018 թվականներին։
Ընդհանուր առմամբ, Ռուխաձեի և նրա բիզնես գործընկերների կողմից վճարվելիք փոխհատուցումը, ներառյալ կուտակված տոկոսները և դատական ծախսերի փոխհատուցումը, արդեն գերազանցում են 170 միլիոն դոլարը։ 2021 թվականին դատավճռով կալանք է դրվել նաև Ռուխաձեի որոշ ակտիվների վրա։
Գործը կապված է անգլիական դատարանի 2018 թվականի նոյեմբերի որոշման հետ, ըստ որի՝ Ռուխաձեն և նրա բիզնես գործընկերները կատարել են «առևտրային դավադրություն», որի հետևանքով վերոնշյալ ընկերությունները կորցրել են «միլիարդանոց նախագիծ» իրականացնելու հնարավորությունը։
Խոսքը Բադրի Պատարկացիշվիլիի բազմամիլիարդանոց ակտիվների մասին է, որոնք մինչ գործարարի մահը տնօրինում էին Պատարկացիշվիլիի գլխավոր ֆինանսիստ Յուջին Ժաֆեն և Salford Capital Partners International ընկերությունը։ Ռուխաձեն տարիներ շարունակ աշխատել է այս ներդրումային ընկերությունում և, որպես բարձրաստիճան մենեջեր, նրա նկատմամբ ունեցել է հավատարմագրային պարտավորություններ։ Revoker և Recovery Partners ընկերությունները հիմնադրվել են Salford Capital Partners International-ի կողմից, և միլիարդատեր Բադրի Պատարկացիշվիլիի մահից հետո այդ ընկերությունները պետք է իրականացնեին նրա ակտիվները գտնելու և վերականգնելու նախագիծը, այնուհետև շահութաբեր կերպով կառավարեին դրանք։