
Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայում 2025 թվականի մարտի 22-ից ուժի մեջ կմտնեն Ռուսաստանի դատավարական օրենսդրության կիրառման վերաբերյալ նոր օրենքները, հայտնել է Հարավային Օսիայի դե ֆակտո Գերագույն դատարանը:
«Այդ օրենքներն են. «Հարավային Օսիայում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական դատավարության օրենսգրքի կիրառման մասին», «Հարավային Օսիայում Ռուսաստանի Դաշնության քրեական դատավարության օրենսգրքի կիրառման մասին» և «Հարավային Օսիայում Ռուսաստանի Դաշնության վարչական դատավարության օրենսգրքի կիրառման մասին», որոնք խորհրդարանի կողմից ընդունվել են 2024 թվականի դեկտեմբերի 6-ին», — հայտնել են Հարավային Օսիայի դե ֆակտո Գերագույն դատարանից:
Նշված է նաև, որ այդ օրվանից դե ֆակտո Հարավային Օսիայում ուժի մեջ կմտնի Ռուսաստանի դատավարական օրենսդրությունը։
Ռուսական դատավարական օրենսգրքերի կիրառման վերաբերյալ նախկինում դե ֆակտո ընդունված խորհրդարանական բանաձևերը կկորցնեն իրենց ուժը։
Հիշեցնենք. 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո Մոսկվան Վրաստանի երկու շրջանները՝ Հարավային Օսիան և Աբխազիան, ճանաչել է որպես «անկախ հանրապետություններ»: Միջազգային հանրությունն այս շրջանները ճանաչում է որպես Վրաստանի ինքնիշխան տարածքներ: