SJC-ն ահազանգում է դեմքի ճանաչման տեխնոլոգիայի օգտագործման անօրինականության մասին

«Սոցիալական արդարության կենտրոն»-ը (SJC) ահազանգում է քաղաքացիներին տուգանելու համար դեմքի ճանաչման տեխնոլոգիայի կիրառման անօրինականության մասին։

Ըստ կազմակերպության՝ եվրոպամետ բողոքի ակցիաների ֆոնին «Վրացական երազանք»-ն ակտիվորեն օգտագործում է դեմքի ճանաչման տեխնոլոգիան ցուցարարների դեմ:

Ինչպես նշում է կենտրոնը` հատուկ կատեգորիայի տվյալների զանգվածային մշակումը բողոքի ակցիաները ճնշելու և քաղաքացիներին վախեցնելու ռազմավարության մի մասն է:

«Այսպիսով, «Վրացական երազանք»-ը փորձում է քաղաքացիներին ցույց տալ, որ իրենց ցանկացած գործողություն արձանագրված և փաստաթղթավորված է, ինչը կարող է հետագայում նրանց պատասխանատվության ենթարկելու նախապայման դառնալ։

Վարչական տույժեր նշանակելու համար կենսաչափական տվյալների մշակումը խախտում է տվյալները նվազագույնի հասցնելու, արդար և արժանապատիվ մշակման սկզբունքները, նաև հակասում է միջազգային չափանիշներին», — ընդգծել է Սոցիալական արդարության կենտրոնը։

Կազմակերպության խոսքով՝ բացի գաղտնիության իրավունքից, բողոքի ակցիաների շրջանակներում դեմքի ճանաչման տեխնոլոգիաների կիրառումը սպառնում է հավաքների, արտահայտվելու, շարժման, խտրականության արգելման և այլ հիմնարար իրավունքների պաշտպանությանը։

«Կարևոր է, որ այն քաղաքացիները, որոնց ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) ճանապարհների փակման դեպքի հետ կապված ֆոտո և վիդեո նյութեր կհանձնի, իրենց իրավունքները պաշտպանելու համար դիմեն Անձնական տվյալների պաշտպանության ծառայություն»,- նշել են Սոցիալական արդարության կենտրոնից։