Կղավելաշվիլին չեղարկել է Զուրաբիշվիլիի հրամանագիրը. ԱԲԽ նոր անդամ է նշանակել

«Վրացական երազանք»-ի ընտրած երկրի 6-րդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին չեղարկել է 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրամանագիրը։

Հրամանագիրը վերաբերում էր Կախա Ծիքարիշվիլիին Արդարադատության բարձրագույն խորհրդի (ԱԲԽ) անդամ նշանակմանը. Կղավելաշվիլին Մանուչար Կակոչաշվիլիին է այդ պաշտոնում նշանակել 4 տարի ժամկետով։

Կակոչաշվիլին այն թեկնածուն է, որ Ծիքարիշվիլիի նշանակումը բողոքարկել էր քաղաքային դատարանում։

Վրաստանի նախագահի նշանակած Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ Թամար Ղվամիչավայի լիազորությունների ժամկետը լրացել է 2024 թվականի հուլիսի 22-ին։ Ծիքարիշվիլիին իրավահաջորդ նշանակելու մասին որոշումը կայացրել է Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին 2024 թվականի հուլիսի 15-ին։

Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Ծիքարիշվիլիին նշանակելու որոշումը կասեցվել էր անցյալ տարվա հուլիսի 22-ին։ Դատարանը հարցը չի քննարկել մինչև «Վրացական երազանք»-ի ընտրած վեցերորդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիի երդմնակալությունը։

Հայցը դատարան էր ներկայացրել Ծիքարիշվիլիի մրցակից Կակոչաշվիլին. նա խնդրել էր «չեղյալ համարել Վրաստանի նախագահի 2024 թվականի հուլիսի 15-ի հրամանագիրը՝ Կախա Ծիքարիշվիլիին որպես Վրաստանի արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ նշանակելու մասին և հրապարակել նոր ակտ՝ Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ նշանակել Մանուչար Կակոչաշվիլիին:

Դատարանը բավարարել է Կակոչաշվիլիի պահանջի մի մասը հենց առաջին փուլում. Վրաստանի նախագահի 2024 թվականի հուլիսի 15-ի հրամանագրի գործողությունը կասեցվել է մինչև դատավարության ավարտը և նախագահին արգելվել է նոր մրցույթ անցկացնել ու Վրաստանի Արդարադատության բարձրագույն խորհրդի նոր անդամ նշանակել:

Զուրաբիշվիլիի վարչակազմը պնդում էր, որ այդ որոշումը վկայում է դատարանում կլանային համակարգի առկայության մասին։

Ծիքարիշվիլիին Գերագույն խորհրդի անդամ նշանակելու որոշումը չեղարկվել է