
Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Միխեիլ Ջինջոլիան կալանքի տակ թողեց ցույցերի ժամանակ ձերբակալված բժիշկ Գիորգի Ախոբաձեին։
Այսօրվա նիստում վերանայվել է նրա խափանման միջոցը։ Պաշտպանական կողմը ամբաստանյալին ազատ արձակելու դիմաց 10 հազար լարի գրավի կամ ցանկացած գումարի չափով գրավի միջնորդություն է ներկայացրել, սակայն դատավորը, հաշվի առնելով մեղադրող կողմի միջնորդությունը, Ախոբաձեին թողել է կալանքի տակ։
Դատախազության տվյալներով՝ Ախոբաձեն սահմանը հատելու փորձ է արել, ինչի պատճառով նրա խափանման միջոցը փոխելը ռիսկային է։
Այսօրվա նիստում կողմերը հանդես են եկել ներածական խոսքով։ Պաշտպանական կողմի պնդմամբ՝ Գիորգի Ախոբաձեն անմեղ է։
Ախոբաձեի գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 8-ին, ժամը 11:00-ին։
Հիշեցնենք. Գիորգի Ախոբաձեին ոստիկանները ձերբակալել են դեկտեմբերի 7-ին բողոքի ցույցից տուն վերադառնալիս: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 6-րդ մասով` առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելն ու պահելը։ Վերոնշյալ հոդվածը նախատեսում է ազատազրկում 8-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում։