
Ըստ «Սոցիալական արդարության կենտրոն»-ի (SJC)` Վատո Շաքարաշվիլիի կազմակերպության բողոքի հիման վրա դատախազության սկսած հետաքննության շրջանակներում հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների հաշիվների վրա կալանքը նպատակ ունի թուլացնելու երկրում ընթացող բողոքի շարժումը և պատժելու բողոքի ցույցերի մասնակիցներին։
Կազմակերպության գնահատմամբ՝ դատախազության գործողությունները, կարծես, քաղաքական դրդապատճառներ ունեն։
«Դատախազության տվյալներով՝ գործը վերաբերում է հետաքննությանը՝ կապված դիվերսիայի, օտարերկրյա կազմակերպություններին օգնելու, ազգային անվտանգության դեմ գործողությունների համար միջոցներ հավաքագրելու հետ: Գործակալությունը նշել է, որ հաշիվները «անօրինական» գործողություններ են իրականացրել բողոքի ցույցերի հետ կապված և նյութական աջակցություն ցուցաբերել օրինախախտներին։ Դատախազությունը չի հստակեցրել առգրավման իրավական հիմքերի հետ կապված մանրամասները, այդ թվում՝ Դատավարական օրենսգրքով նախատեսված հիմքերը, որոնց հիման վրա կալանք է դրվել դրամական միջոցների բանկային հաշիվների վրա։ Մեր գնահատմամբ՝ հիմնադրամների վերաբերյալ որոշումը խաղաղ, եվրոպամետ բողոքի ակցիաները ճնշելու և քրեականացնելու հերթական բացահայտ փորձն է, որը խախտում է երկրում քաղաքացիական և քաղաքական իրավունքների պաշտպանությունը և ներկայացնում է ավտորիտարիզմի համախմբման ագրեսիվ փորձ»,- նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, երեկ հայտնի դարձավ, որ վրաստանյան այն բարեգործական հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների հաշիվները, որոնք վճարում էին եվրոպամետ հանրահավաքների մասնակիցների տուգանքները և հոգում կարիքները, սառեցվել են հակաարևմտյան «Միասնական չեզոք Վրաստան» շարժման պահանջով` դատախազությունում հարուցված «դիվերսիա և թշնամական գործունեությանն օժանդակություն» գործի շրջանակներում: