
«Վրացական երազանք»-ի կառավարությունը 2025 թվականին կշարունակի «Հանրային զբաղվածության ծրագիրը», որն աշխատանքի է տեղավորում սոցիալապես անապահովներին:
Այս տարի նշված ծրագրի վրա կծախսվի 103 մլն 305 հազար լարի։ Սոցիալապես անապահով անձանց նոր պայմանագրեր են բաժանվել մարտի սկզբին։
2022 թվականին մեկնարկած այս ծրագրի շրջանակում 40 հազար սոցիալապես անապահով մարդ աշխատանք է գտել հանրապետությունում։ Նրանց ընդհանուր աշխատավարձը ամսական 300 լարի է։ Շատ դեպքերում աշխատողների աշխատանքի նկարագրությունները ցույց են տալիս, որ նրանց զբաղվածությունը ձևական է:
Զբաղվածության գործակալությունից չեն հայտնել, թե այս անգամ քանի սոցիալապես անապահով անձ է պայմանագիր կնքել։ Զբաղվածության գործակալության պատրաստած խորհրդարանական զեկույցի համաձայն՝ 2023 թվականին Վրաստանում 39 հազար 999 սոցիալապես անապահով անձ զբաղված է եղել հասարակական աշխատանքներում։
2022 թվականի մարտին մեկնարկած սոցիալապես անապահովների զբաղվածության ծրագիրը կավարտվի 2026 թվականի մարտին, եթե մինչ այդ այլ, նոր որոշում չկայացվի։
Ծրագրի պայմանների համաձայն, եթե ոչ ֆորմալ զբաղվածություն ունեցող սոցիալապես անապահով անձինք այս աշխատանքն օրինականացնեն կամ պարզապես միանան զբաղվածության ծրագրին, ապա նրանց 4 տարի նպաստ կտրամադրվի և ամեն ամիս կատարած աշխատանքի համար` լրացուցիչ 300 լարի։ Նրանց սոցիալական միավորները կվերանայվեն միայն 4 տարի հետո։