
Վրաստանյան այն բարեգործական հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների հաշիվները, որոնք վճարում էին եվրոպամետ հանրահավաքների մասնակիցների տուգանքները և կարիքները, սառեցվել են հակաարևմտյան «Միասնական չեզոք Վրաստան» շարժման պահանջով` դատախազությունում հարուցված «դիվերսիա և թշնամական գործունեությանն օժանդակություն» գործի շրջանակներում:
«Միասնական չեզոք Վրաստան»-ի ներկայացուցիչներից Վատո Շաքարիշվիլին վրաստանյան «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ իրենք «գործակալական հետքեր» են տեսել, որոնց մասին հայտնել են քննչական մարմնին, և գործը հարուցվել է 2025 թվականի փետրվարին։ Շաքարիշվիլին ասել է, որ ինքը 10 ժամ եղել է դատախազությունում՝ այդ գործի հետ կապված մանրամասներ հայտնելու համար։ «Ազատություն» ռադիոկայանը նրան խնդրել է նշել մեկ փաստ, որի մասին նա հայտնել է քննչական մարմիններին.
«Կոնկրետ հիմնադրամներ ուղղակիորեն խրախուսել են հանցագործությունը, կոչ են արել հանցագործություն կատարել, այնուհետև գնել են հանցագործությունը կատարելու համար անհրաժեշտ նյութական միջոցները», — ասել է Շաքարիշվիլին՝ հավելելով, որ իրենց անվանած կազմակերպություններից են «Նանուկա»-ի հիմնադրամը և «Սիրցխվիլիա»-ն։
Հիշեցնենք. դատախազության պահանջի հիման վրա մարտի 17-ին սառեցվել են «Փրոսթերիթի», «Ֆոնդ միմյանց համար 24/7», «Թբիլիսիի մարդու իրավունքների տուն», «Նանուկա»-ի հիմնադրամ կազմակերպությունների բանկային հաշիվները։ Այս ՀԿ-ները և բարեգործական կազմակերպությունները մեղադրվում են ցույցերի համար սարքավորումներ ձեռք բերելու և ցույցերի ընթացքում ձերբակալվածների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու համար, ինչը «Միասնական չեզոք Վրաստան»-ը որակել է որպես «ապօրինի և հանցավոր գործողություններ կատարող անձանց խրախուսում»։
«Կոնկրետ հիմնադրամների կազմակերպչական և ֆինանսական գործունեությունն ուղղված է իրավախախտներին և նրանց ընտանիքի անդամներին նյութական օգնություն ցուցաբերելուն: Տուգանքներ են վճարվում օրինախախտների օգտին, լուծվում են անձնական կամ կազմակերպչական այլ հարցեր», — ասված է դատախազության հաղորդագրությունում։
2024 թվականի նոյեմբերի 28-ից անցել է ավելի քան 110 օր. այս ընթացքում նոր ընտրություններ պահանջող ցույցերը չեն դադարել։ Բողոքի զանգվածային ցույցերը հարուցվել են «Վրացական երազանք» կուսակցության ընդունած որոշմամբ՝ այլևս «մինչև 2028 թվականը» օրակարգ չներառել Եվրամիության հետ անդամակցության բանակցությունների բացման հարցը։
Բողոքի ցույցերի սկսվելուց հետո «Վրացական երազանք»-ը խստացրեց օրենքները ցույցերը սահմանափակելու համար. արգելեց հավաքների ժամանակ լազերների և դիմակների օգտագործումը, նաև ավելացրեց տուգանքները ճանապարհները փակելու և ոստիկանության հրահանգներին չենթարկվելու համար: Նաև վարչական կալանքի ժամկետը 15-ից դարձրեց 60 օր։ Չնայած այս սահմանափակումների ներդրմանը, ցույցերը չդադարեցին, և վերոնշյալ միջոցները օգնեցին տուգանված քաղաքացիներին վճարել տուգանքները։