
«Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանը մտադիր է հեռարձակողների նկատմամբ կիրառվող սահմանափակումները տարածել առցանց լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի վրա։ Այս նախաձեռնության մասին ոլորտային տնտեսության և տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նիստում խոսել է նույն կուսակցության անդամ Արչիլ Գորդուլաձեն։
Գորդուլաձեն նշել է, թե հաշվի առնելով, որ տեխնոլոգիաները կատարելագործվում ու զարգանում են, իսկ տեղեկատվությունը տարածվում է տարբեր միջոցներով, տվյալ պարագայում օրենսդրական փոփոխություններ պետք է լինեն:
«Ինտերնետ մեդիա ծառայություններ մատուցող է համարվում հեռարձակող կամ այլ անձ, որը պետական լեզվով զանգվածային տեղեկատվություն տրամադրելու նպատակով բացառապես տիրապետում է կամ համատեղ օգտագործում է ինտերնետ տիրույթը և ինտերնետ հոսթինգը։ Սա այն բովանդակությունն է, որն ավելի ճշգրիտ սահմանումով կներկայացվի երկրորդ լսումների ձևաչափով», — ասել է Գորդուլաձեն։
Նա նաև նշել է, որ այդ կարգավորումները վերաբերում են նաև սոցիալական մեդիայի այն էջերին, որոնք գոյություն ունեն տարբեր հարթակներում. «Առաջարկվող օրինագիծը կսահմանի, թե ինչ է ինտերնետ ծառայությունը և կօգտագործվի ինտերնետ ծառայության սահմանումը, ըստ որի՝ ինտերնետ ծառայություններ մատուցողը Վրաստանի պետական լեզվով տեղեկատվությունը կտեղադրի նշանակված ինտերնետային տիրույթում կամ ինտերնետ հոսթինգի միջոցով, նաև իր սեփական հավելվածում կամ երրորդ կողմի տեղեկատվության փոխանակման հարթակում, ներառյալ սոցիալական ցանցերը»:
Սոցցանցերը կարգավորելու նախաձեռնությունը մարտի 4-ին հնչեցրեց իր հակաարևմտյան հռետորաբանությամբ հայտնի «Ժողովրդի ուժը» կուսակցությունը։
«Վրացական երազանք»-ից առանձնացած և կեղծ ընդդիմություն դարձած «Ժողովրդի ուժը» քաղաքական խմբի անդամ Սոզար Սուբարին միակուսակցական խորհրդարանում «Հեռարձակման մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ հանդես էր եկել սոցիալական ցանցերը կանոնակարգելու նախաձեռնությամբ։
Այդ օրը՝ մարտի 4-ին, աղմկահարույց խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունվեցին «Հեռարձակման մասին» օրենքում փոփոխությունները։ Նախագծով ամբողջությամբ արգելվում է օտարերկրյա ֆինանսավորումը, նոր սահմանափակումներ են սահմանվում լրագրողների մասնագիտական գործունեության վրա, խստացվում են վերահսկողությունն ու պատժիչ միջոցները։
Բացասական սպասումներին գումարվում է անվստահությունը Վրաստանի հաղորդակցության հանձնաժողովի (ComCom) հանդեպ, որի նկատմամբ «Վրացական երազանք»-ն ընդլայնում է վերահսկողության և պատժի շրջանակը։ Լրատվամիջոցների ինքնակարգավորման մեխանիզմը թուլանում է:
«Վրացական երազանք»-ի նախաձեռնած օրենսդրական փոփոխություններն ակնհայտորեն հակասում են խոսքի ազատության ոլորտում միջազգային չափանիշներին, նշել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունը (ՀԿ):