MEGOBARI Act-ը կքննարկվի մարտի 27-ին

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը «Վրաստանի հաշվետվողականության, ճկունության և անկախության հզորացման և մոբիլիզացման ակտ»-ի (MEGOBARI Act) քննարկումը նշանակել է մարտի 27-ին

Հանձնաժողովի նիստն ի սկզբանե նախատեսված էր մարտի 11-ին, սակայն հետաձգվեց:

MEGOBARI Act-ը, որը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել «Վրացական երազանք»-ի պաշտոնյաների նկատմամբ, Սենատ են ներկայացրել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջիմ Ռիշը (հանրապետական) և դեմոկրատ Ջին Շահինը՝ անցյալ շաբաթ:

Օրինագծի հեղինակների կարծիքով՝ «MEGOBARI Act»-ը՝

  • Նախաձեռնում է ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների ամբողջական վերանայում, ներառյալ օգնության բոլոր ծրագրերը;
  • Նախագահից պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք»-ի բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց կողմնակիցների նկատմամբ, որոնք ներգրավված են եղել կոռուպցիայի մեջ և շեղել Վրաստանը եվրատլանտյան ինտեգրման ճանապարհից;
  • Աջակցում է ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը և պաշտպանության ոլորտում համագործակցությանը, երբ Վրաստանը բավարարի իր սահմանադրական պահանջները;
  • Աջակցություն է հայտնում Վրաստանի լիակատար ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը Ռուսաստանի մշտական ​​և անօրինական օկուպացիայի պայմաններում, աջակցում է Վրաստանի քաղհասարակությանը։

MEGOBARI Act-ն ի սկզբանե Ներկայացուցիչների պալատում ներկայացվել է հանրապետական ​​կոնգրեսական Ջո Ուիլսոնի կողմից 2024 թվականի մայիսին` այն ժամանակ, երբ «Վրացական երազանք»-ը ընդունեց ռուսական օրենքը: Փաստաթուղթը կրկին քննարկման է ներկայացվել 2025 թվականի հունվարին։