Չեխիայի Սենատը Վրաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել

Չեխիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը բանաձև է ընդունել «Վրաստանում շարունակվող բողոքի ցույցերի, անարդար ընտրություններից հետո սահմանադրական և քաղաքական ճգնաժամի, բռնաճնշումների և մարդու իրավունքների ոտնահարման աճի վերաբերյալ»։

Բանաձեւը դատապարտել է երկրում իրականացվող զանգվածային բռնաճնշումներն ու հիմնարար իրավունքների ու ազատությունների խախտումները։

Փաստաթղթում նշված է, որ արտերկրում ապրող հարյուր հազարավոր քաղաքացիների հնարավորություն չի տրվել մասնակցելու հոկտեմբերի 26-ի ընտրություններին, խախտվել է քվեարկողների գաղտնիության իրավունքը, ընտրություններն ուղեկցվել են ընտրողների նկատմամբ ճնշումներով ու սպառնալիքներով։

Բանաձևում ասված է, որ հոկտեմբերի 26-ի ընտրություններից հետո քանի որ խորհրդարանը գումարվել է սահմանադրության խախտմամբ, դա կասկած է հարուցում պետության ներկայիս ներկայացուցիչների՝ խորհրդարանի, կառավարության և նախագահի օրինակարգության, նաև այն բոլոր որոշումների նկատմամբ, որոնք ընդունվել են դրանից հետո։

Ըստ բանաձևի, Վրաստանում խոր ճգնաժամը չի կարող լուծվել առանց նոր ընտրությունների շուրջ ընդդիմադիր ուժերի հետ բանակցությունների անհապաղ մեկնարկի և բոլոր նրանց պատասխանատվության, ովքեր մասնակցել են ցուցարարների նկատմամբ բռնություններին։

Չեխիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը Չեխիայի Հանրապետության կառավարությանը խորհուրդ է տալիս`

1. Պահանջել, որպեսզի Վրաստանում նշանակվեն նոր խորհրդարանական ընտրություններ՝ որպես երկրում ստեղծված ճգնաժամից դուրս գալու միակ ելք և համապատասխան կերպով գործել Եվրամիության, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի և այլ կառույցների շրջանակներում;

2. Պահանջել ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնել նրանց նկատմամբ հետաքննությունն ու հետապնդումը, վերականգնել հավաքների և արտահայտվելու ազատությունը և չեղյալ համարել ԶԼՄ-ներին, քաղաքացիական հասարակությանը, խոսքի ազատությանը և պետական ​​պաշտոնյաներին առնչվող հակաժողովրդավարական օրենքները;

3. Պահանջել, որ օրենքի խախտման բոլոր դեպքերը քննվեն ոստիկանության, դատարանների, դատախազության կողմից;

4. Զգալիորեն լրացնել և ընդլայնել Չեխիայի կողմից անհատական ​​պատժամիջոցների ենթարկվող անձանց ցուցակը, որոնք մասնակցում են բռնաճնշումներին և պետական ​​հաստատություններին տիրանալուն, այդ թվում՝ ոստիկաններին, դատախազներին և դատավորներին, նաև ազգային հեռարձակողներին կամ գործարարներին, որոնք աջակցում են իշխող կուսակցությանը պետությանը տիրանալու հարցում;

5. Ընդլայնել պատժամիջոցները քարոզչական լրատվամիջոցների սեփականատերերի և ներկայացուցիչների, նաև համացանցում քարոզչական բովանդակություն ստեղծողների նկատմամբ;

6. Համագործակցելով այլ երկրների հետ՝ ապահովել դիտորդների ներկայությունն ընթացող քաղաքականացված դատավարություններին;

7. Փոխել զարգացման համագործակցության պարամետրերը` առաջնահերթություն տալով հասարակական կազմակերպություններին;

8. Զգալիորեն մեծացնել քաղաքացիական հասարակության աջակցությունը երկրում։

Բանաձևում նաև նշված է, որ Վրաստանը եղել է Չեխիայի դիվանագիտական ​​ջանքերի առաջնահերթություններից մեկը, որն օրինակելի հաջողությունների է հասել իր քաղաքական և տնտեսական համակարգի վերափոխման գործում։

Բանաձևը նաև խորհուրդ է տալիս Չեխիայի Սենատին որպես հյուր հրավիրել Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։

Հիշեցնենք. հունվարին Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկու նախաձեռնությամբ, կառավարությունը պատժամիջոցներ էր սահմանել Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։