Ամաղլոբելիի գործով դատավճիռը կհրապարակվի մարտի 18-ին

Բաթումիի քաղաքային դատարանում երեկ ընթացել է «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր և տնօրեն, լրագրող Մզիա Ամաղլոբելիի դեմ հարուցված վարչական գործը։ Դատավոր Սալիխ Շաինիձեն վերջնական որոշումը կհրապարակի մարտի 18-ին։

Ամաղլոբելին դատավարությանը մասնակցել է հեռակա կարգով։

«Պարոն դատավոր, ձեր քննած գործը կեղծված է: Արձանագրությունն էլ է կեղծված: Միակ իրողությունն այս դեպքում այն ​​է, որ ես իրոք գիտակցված կերպով փակցրել եմ պաստառներ։ Խոսքի չարաշահում չի եղել, սա սուտ է, ես ոչ մի անօրինական գործողություն չեմ արել»,- ասել է Ամաղլոբելին։

Դատական նիստի ավարտին դատավորն ասել է. «Բեսելիան (Աջարիայի ոստիկանության բաժնի պետը) բռնել է Մզիայի ձեռքից և առանց դիմադրության տարել է ոստիկանության բակ։ Երկրորդ ձայնագրության մեջ Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեն ասում է, որ Մզիային ձերբակալել է 150 հոդվածով… Տեսագրության մեջ ես չեմ տեսել, որ Մզիան խոսքով վիրավորում է ոստիկաններին»։

Հիշեցնենք. Մզիա Ամաղլոբելիին Բաթումիի ոստիկանությունը ձերբակալել է հունվարի 11-ին, սկզբում վարչական կարգով՝ պաստառ փակցնելու համար, այնուհետև հունվարի 12-ին՝ քրեական կարգով։

Լրագրողին մեղադրում են ոստիկանին ապտակելու համար. նրան սպառնում է 4-7 տարվա ազատազրկում։ 

Ձերբակալությունից հետո Ամաղլոբելին 38 օր հացադուլ էր հայտարարել։