
Այսօր՝ մարտի 13-ին, ժամը 11:00-ից Բաթումիի քաղաքային դատարանում սկսվել է Մզիա Ամաղլոբելիի վարչական իրավախախտման գործի քննությունը։ Դատական նիստին ներկա են Նորվեգիայի և Դանիայի դեսպանատների ներկայացուցիչները։
Ինքը՝ Մզիա Ամաղլոբելին, դատարանի դահլիճում չի, սակայն տեսազանգի միջոցով մասնակցում է դատական նիստին։
Մզիա Ամաղլոբելիի վարչական իրավախախտման գործը վերանայում է դատավոր Սալիխ Շաինիձեն։ Այսօրվա նիստում նա պետք է վճռի` հարցաքննելո՞ւ է Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Ջեբուաձեին և ոստիկանապետ Գրիգոլ Բեսելիային։ Նախորդ նիստին նրանց հարցաքննելու պահանջ էին ներկայացրել Մզիա Ամաղլոբելիի փաստաբանները։
Հիշեցնենք. Մզիա Ամաղլոբելիին Բաթումիի ոստիկանությունը ձերբակալել է հունվարի 11-ին, սկզբում վարչական կարգով՝ պաստառ կպցնելու համար, այնուհետև հունվարի 12-ին՝ քրեական կարգով։
Լրագրողին մեղադրում են ոստիկանին ապտակելու համար. նրան սպառնում է 4-7 տարվա ազատազրկում։
Ձերբակալությունից հետո Ամաղլոբելին 38 օր հացադուլ էր հայտարարել։