Օրենսդրությունից «գենդեր» բառի հեռացում. փորձագետները հետևանքների մասին

Նոր քննարկվող օրենքների համաձայն, Վրաստանի օրենսդրությունից իսպառ կվերանա «գենդեր» բառը։ Այս նախաձեռնության հեղինակների՝ «Վրացական երազանք»-ի պատգամավորների կարծիքով` այդ տերմինն արհեստականորեն ներմուծվել է վրացական օրենսդրություն արտաքին ազդեցության ու լոբբինգի միջոցով, իսկ այժմ ​​պետք է փոխարինվի «կին ու տղամարդ» բառերով։

Վիճահարույց խորհրդարանի պատգամավորները փետրվարին գրանցել են օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը նախատեսում է օրենսդրությունից «գենդեր» բառի ամբողջական հեռացում։ Հանձնաժողովային լսումները տեղի են ունեցել փետրվարի վերջին, և այժմ եկել է լիագումար լսումների ժամանակը։

Սեռը ունի երկու կատեգորիա՝ կենսաբանական (սեռ) և սոցիալական (սեռ): Սեռը կապված է տղամարդկանց և կանանց ֆիզիկական, անատոմիական տարբերությունների հետ, նաև կոչվում է կենսաբանական սեռ կամ ծննդյան ժամանակ նշանակված սեռ: «Գենդեր»-ը վերաբերում է մարդկանց հոգեբանական, սոցիալական և մշակութային դերերին: Սեռը կենսաբանորեն է որոշվում, մինչդեռ «գենդեր»-ը որոշվում է սոցիալական և մշակութային գործոններով և վերաբերում է տղամարդկանց ու կանանց սոցիալական վարքագծի, հատկությունների և վերաբերմունքի ամբողջությանը:

Ովքե՞ր են օրինագծի հեղինակները

Արչիլ Գորդուլաձե, Թոռնիկե Չեիշվիլի, Ռատի Իոնաթամիշվիլի, Դավիթ Մատիկաշվիլի, Գուրամ Մաճարաշվիլի, Ալեքսանդր Տաբատաձե, Թենգիզ Շարմանաշվիլի, Ալուդա Ղուդուշաուրի, Վիկտոր Ջափարիձե, Սոզար Սուբարի, Նոդար Տուրձելաձե, Իրմա Զավրադաշվիլի, Լևան Մաճավարիանի, Րամինա Բերաձե, Իրակլի Կիրցխալիա, Սալոմե Ջինջոլավա, Թոռնիկե Բերեկաշվիլի, Գենրիետա Ցիցավա, Մամուկա Մդինարաձե։

Ո՞ր օրենքներից կվերանա «գենդեր» բառը

Եթե ​​վիճահարույց խորհրդարանը հաստատի օրենսդրական փոփոխությունների փաթեթը, ապա 15 օրենքներից կհանվի «գենդեր» բառը։ Այսինքն՝ բոլոր օրենքներից, որոնք երբևէ օգտագործել են այդ բառը.

  • Գենդերային հավասարության մասին Վրաստանի օրենքը,
  • Վրաստանի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքը,
  • Վրաստանի «Խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» օրենքը,
  • «Վրաստանի քրեական օրենսգիրքը»,
  • Վրաստանի օրենքը «Կանանց նկատմամբ բռնության և/կամ ընտանեկան բռնության կանխարգելման, բռնության զոհերի պաշտպանության և աջակցության մասին» օրենքը,
  • Վրաստանի օրենքը «Վաղ և նախադպրոցական կրթության մասին»,
  • Վրաստանի «Հեռարձակման մասին» օրենքը,
  • Վրաստանի «Ձեռնարկատերերի մասին» օրենքը,
  • Վրաստանի «Կամավորության մասին» օրենքը,
  • «Միջազգային պաշտպանության մասին» Վրաստանի օրենքը,
  • Վրաստանի «Հանրային ծառայության մասին» օրենքը,
  • Վրաստանի օրենքը «Սննդամթերքի կորուստների և թափոնների կրճատման և սննդի նվիրատվության մասին»,
  • Վրաստանի «Աշխատանքի տեսչության մասին» օրենքը,
  • Վրաստանի օրգանական օրենքը «Նորմատիվ ակտերի մասին»,
  • «Տեղական ինքնակառավարման օրենսգիրքը»,

Ո՞ր բառերը կփոխարինեն «գենդեր»-ին

Վրաստանի օրենսդրությունում «գենդեր» բառը կփոխարինվի «տղամարդ ու կին» և «սեռ» բառերով։

Օրինակ.

  1. «Գենդերային հավասարություն» – «Կանանց և տղամարդկանց հավասարություն».
  2. «Գենդերային գործոն» — «սեռական գործոն».
  3. «Գենդերային անհանդուրժողականություն» — «Անհանդուրժողականություն կանանց և տղամարդկանց հավասարության նկատմամբ».
  4. «Գենդերային հիմնախնդիրներ» — «Կանանց և տղամարդկանց իրավահավասարության հիմնախնդիրներ».
  5. «Գենդերային հավասարության սկզբունքները» — «Կանանց և տղամարդկանց հավասարության սկզբունքները»։

Օրենսդրությունից վերանում է նաև «գենդերային ինքնություն» հասկացությունը։ Օրինակ, «Խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» օրենքում կատարված փոփոխությամբ` այս օրենքի առաջին հոդվածից հանվելու է «գենդերային ինքնություն» ձևակերպումը։

Գենդերային հարցերով հետազոտողների և կանանց իրավունքների իրավաբանների գնահատմամբ` վրացական օրենսդրությունից «գենդեր» բառի անհետացումը հետքայլ է։ Դա հակասում է բոլոր միջազգային կոնվենցիաներին, ներառյալ կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման Ստամբուլյան կոնվենցիային («Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիա»), որին միացել է Վրաստանը որպես պետություն և ստանձնել կոնկրետ պարտավորություններ։

Վրաստանի հանրային նախկին պաշտպան, «Ժողովրդավարության հետազոտական ​​ինստիտուտի» (DRI) հիմնադիր Ուչա Նանուաշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ևս փաստեց, որ «Վրացական երազանք»-ի նախաձեռնած քայլը պոպուլիստական ​է։

««Գենդեր» բառի հանումը օրենսդրությունից ավելի կբարդացնի կանանց իրավունքների վիճակը Վրաստանում: Բազմաթիվ օրենքներից այս բառը հանելը անկասկած հետընթաց քայլ է։ Գենդերային հավասարությունը շատ ավելի լայն հասկացություն է, քան պարզապես «կանանց ու տղամարդկանց հավասարությունը», և այդ տերմինը փոխելով՝ նրանք վերադառնում են միայն տղամարդկանց և կանանց միջև կենսաբանական տարբերություններին։ Իսկ հավասարության քաղաքականությունը ներառում է բազմաթիվ այլ ասպեկտներ, այդ թվում՝ սոցիալականը»,-ընդգծեց Նանուաշվիլին:

Նրա խոսքով՝ «կանանց դեմ բռնության պատճառը հաճախ հենց գենդերային մոտիվ է, և երբ այս բառը չի ընդունվում օրենսդրության մեջ, նշանակում է` բռնության պատճառը ևս չի ընդունվում»:

«Համապատասխանաբար, մի շարք խմբեր անհետանում են իրավական դաշտից։ Օրինակ, եթե սեռը չկա՝ չկան նաև տրանսգենդերներ։ Այնուամենայնիվ, այդպիսի մարդիկ կան, հետևաբար այս որոշումը միայն կնպաստի ավելի մեծ բռնությունների և ճնշումների»,- հավելեց հանրային նախկին պաշտպանը:

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ն ևս հայտարարություն է տարածել, որում նշված է, որ պետությունը կանանց իրավունքների պաշտպանությունը բարելավելու փոխարեն միտումնավոր վատթարացնում է գենդերային հավասարության օրենսդրությունը և բացահայտորեն խրախուսում է կանանց նկատմամբ գենդերային բռնության ձևերը, ինչպիսին է սեռական ոտնձգությունը։

«Այս տագնապալի միտումը սերտորեն կապված է Վրաստանում «Վրացական երազանք»-ի կողմից իշխանության զավթման, ավտորիտար կառավարման ամրապնդման, ժողովրդավարական կտրուկ հետընթացի և մարդու իրավունքների համակարգային կոպիտ խախտումների հետ»:

Ըստ կազմակերպության՝ օրենսդրական փոփոխություններից և հակագենդերային քարոզչությունից բացի, հատկապես տագնապալի է, որ «Վրացական երազանք»-ը ակտիվ կանանց նկատմամբ ինտենսիվորեն կիրառում է գենդերային դրդապատճառներով բռնության տարբեր ձևեր։

«2024 թվականի նոյեմբերից, բռնաճնշումների և մարդու իրավունքների ոտնահարման այլ լուրջ միտումների հետ մեկտեղ, հատկապես աչքի են զարնում օրինական, խաղաղ ցույցերին մասնակցող կանանց նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքը, ոտնձգությունը, գենդերային բռնությունը և ֆիզիկական բռնությունը իրավապահների կողմից։ Ոստիկանությունը, որը պետք է լինի գենդերային բռնության դեմ պայքարի հիմնական հենասյուներից մեկը, ինքն է բռնություն դրսևորում»,- ասված է GYLA-ի հայտարարության մեջ։

«Պլանավորված փոփոխություններն, ըստ էության, ամեն ինչի լիակատար փլուզումն են»,- «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է իրավաբան և իրավապաշտպան Գոգա Խատիաշվիլին, որը տարիներ շարունակ աշխատում է կանանց նկատմամբ բռնության հարցերով և մանրակրկիտ ծանոթ է այդ ոլորտում առկա բոլոր օրենքներին ու մարտահրավերներին:

««Գենդեր» բառը պատահաբար չի ներառվել վրացական օրենսդրության մեջ. սա այն հիմնական սահմանումն է, որն առավել ճշգրիտ է արտահայտում կանանց նկատմամբ ճնշումների և բռնությունների հիմքերը։ Այս բառի անհետացումը գործնականում ավելի կվատթարացնի կանանց իրավունքների վիճակը:

Իրականում կարող եմ ասել, որ այս բառը հանելը հստակ հետընթաց է` անտեսելով կանանց նկատմամբ բռնությունը և կանանց դեմ ուղղված քաղաքականությունը»,-նշել է իրավապաշտպանը:

Նրա խոսքով՝ «օրենսդրության մեջ չի կարելի կենտրոնանալ միայն կենսաբանական սեռի վրա: Սա լիովին խարխլում է հավասարության քաղաքականության հիմքերը, իսկ կանանց նկատմամբ բռնության հիմնական պատճառը միշտ գենդերային է»: