Սաակաշվիլին իր ազատազրկումն «օկուպանտի կամքի կատարում» է որակել

Վրաստանի ազատազրկված երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «բաճկոնների գործով» իրեն 9 տարվա ազատազրկման դատապարտելը և մինչև 2030 թվականը պատիժը երկարաձգելը անվանել է «օկուպանտի կամքի կատարում»։

«Ինչ զարմանալի է օլիգարխի վճիռը, չէ՞… Զավթիչների կամքն ուղղակիորեն կատարվեց, սա նրանց պատասխանն է այն բանին, որ ես չհանձնեցի Վրաստանը, դարերի ընթացքում առաջին անգամ մենք համարձակվեցինք ստեղծել հաջողակ վրացական պետություն», — դատավճռի հրապարակումից հետո Facebook-ում գրել է Սաակաշվիլին:

Սաակաշվիլին, որ արդեն դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, մարտի 12-ին դատապարտվեց 9 տարվա ազատազրկման՝ խոշոր չափերի բյուջետային միջոցների յուրացման համար, որը ԶԼՄ-ներում հաճախ անվանում են «բաճկոնների գործ»։

«Ոչինչ չգտնելուց հետո նախագահականի ծառայողական ծախսերի համար դատապարտվեցի գործնականում ցմահ ազատազրկման։ Այսպես է Իվանիշվիլիի մաֆիոզ կլանը պատժում նվիրվածությունը երկրին և սերը հայրենիքի հանդեպ», — գրել է Սաակաշվիլին՝ հավելելով. «Մեզ չեն կարող վախեցնել: Ուժը միասնության մեջ է»:

Այսօրվա նիստում դատարանը նույն գործով մեղադրվող պետական պաշտպանության հատուկ գործակալության նախկին պետ Թեիմուրազ Ջանաշիային դատապարտել է 300 հազար լարի տուգանքի։

«Միասնություն — Ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Գիգի Ուգուլավայի խոսքով, դատարանի այսօրվա որոշումը հատկանշական է նրանով, որ «համակարգը չի համարձակվել ձերբակալել Թեիմուրազ Ջանաշիային»։

«Բաճկոնների գործից» հետո նախկին նախագահի դեմ հարուցված գործերի վերանայումը չի ավարտվում.

  • Սաակաշվիլին մեղադրվում է նաև «Իմեդի» հեռուստաընկերության վրա 2007 թվականին հարձակվելու համար:
  • Մյուս մեղադրանքը վերաբերում է 2021 թվականին «սահմանի ապօրինի հատմանը»:

2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմիններն ընտրություններից առաջ Ուկրաինայից գաղտնի ժամանած Սաակաշվիլին ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին։ Այդ ժամանակվանից նա գտնվում է կալանքի տակ։ Երկարատև հացադուլից հետո 2022 թվականի մայիսի 12-ին Ռուսթավիի թիվ 12 քրեակատարողական հիմնարկից նա տեղափոխվել է «Վիվամեդ» կլինիկա, որտեղ շարունակում է բուժումը մինչ օրս։