
Վրաստանի «Սոցիալական արդարության կենտրոն»-ը (SJC) արձագանքել է «Վրացական երազանք»-ի նախաձեռնած լրատվամիջոցները սահմանափակող օրինագծին՝ նշելով, որ դա ուղղված է լրատվամիջոցների, խոսքի և արտահայտվելու ազատությունների, նաև հավասարության իրավունքի և խտրականության արգելման դեմ։
Ըստ SJC-ի՝ նախաձեռնված օրենքների նախագծերը տագնապալի են և հակասում են միջազգային սահմանմամբ մարդու իրավունքներին և Վրաստանի Սահմանադրությամբ ամրագրված հիմնարար իրավունքներին։ Կենտրոնը նշել է՝ հեռարձակողների նկատմամբ պատժամիջոցները կօգտագործվեն երկրում գործող ազատ լրատվամիջոցների ձայնը ճնշելու համար։
«Փետրվարի 24-ին «Վրացական երազանք»-ի պատգամավորները նախաձեռնեցին երեք տագնապալի օրինագծեր՝ փոփոխություններ կատարելու նպատակով «Հեռարձակման մասին» Վրաստանի օրենքում, որոնք, ըստ էության, հակասում են մարդու իրավունքների միջազգային օրենսդրությանը և Վրաստանի Սահմանադրությամբ ամրագրված հիմնարար իրավունքներին։
Առաջին և երկրորդ օրենքների նախագծերն ուղղված են ԶԼՄ-ների, միավորումների, խոսքի և արտահայտվելու ազատություններին, իսկ երրորդ օրենքի նախագիծն ուղղված է հավասարության և խտրականության իրավունքի դեմ», — ասված է հաղորդագրությունում։
«Վրացական երազանք»-ը փետրվարի 5-ին հայտարարեց, որ նոր օրենք է ընդունելու, որով սահմանափակելու է լրատվամիջոցների գործունեությունը և գրաքննություն է սահմանելու նրանց նկատմամբ։
Փետրվարի 24-ին միակուսակցական խորհրդարանի բյուրոյի նիստում փոփոխություններ են նախաձեռնվել «Հեռարձակման մասին» օրենքում լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու և գրաքննություն կիրառելու նպատակով։