
Այսօր՝ 2025 թվականի մարտի 10-ին, Թբիլիսիի քաղաքային դատարանը Բիձինա Իվանիշվիլիի նախկին «անձնական ֆինանսիստ» Գիորգի Բաչիաշվիլիին «կրիպտոարժույթի գործով» հեռակա դատապարտել է 11 տարվա ազատազրկման: Որոշումը հրապարակել է դատավոր Գիորգի Գելաշվիլին:
Մեղադրանքը նախատեսում էր 9-ից 11 տարվա ազատազրկում։ Բաչիաշվիլին դատապարտվել է սույն հոդվածով նախատեսված առավելագույն ժամկետով ազատազրկման։
Իվանիշվիլիի նախկին դաշնակիցը մեղավոր է ճանաչվել ինչպես «խոշոր գումարի հափշտակության», այնպես էլ «ապօրինի եկամուտների օրինականացման» կամ փողերի լվացման համար։
Դրանից մի քանի ժամ առաջ դատավոր Գելաշվիլին Բաչիաշվիլիին մերժել էր «կրիպտոարժույթի գործով» դատավարության վերջին խոսք ասել։
Բաչիաշվիլին գտնվում է արտերկրում. նա լքել է երկիրը մարտի 2-ին։ Դատախազության տվյալներով՝ վերջինս դրան նախապատրաստվել է մի քանի ամիս։
«Ամոթալի է», — դատավորի որոշմանը այս մեկ բառով է արձագանքել արտերկրում գտնվող Բաչիաշվիլին:
Դատախազ Միխեիլ Սադրաձեն մարտի 6-ին հայտարարել է, որ կարմիր շրջաբերականով Բաչիաշվիլիի որոնման համար կապ է հաստատվել Ինտերպոլի հետ։
Բաչիաշվիլիի փաստաբան Լևան Մախարաշվիլին հայտարարել է, որ Ինտերպոլի հետախուզումը չի ենթադրում արտահանձնում: Նա ասել էր, որ իրենք Ինտերպոլին ու բոլոր համապատասխան կառույցներին տեղեկություն են տրամադրել ու տրամադրելու են այն մասին, որ Բաչիաշվիլին չպետք է ձերբակալվի։