«Ազատության հրապարակ». նոր կուսակցություն Վրաստանում

«Ազատության հրապարակ» քաղաքական շարժումը դարձավ կուսակցություն. այս նպատակով տեղի է ունեցել հիմնադիր համագումար։

Հաստատվել է կուսակցության կանոնադրությունը, ընտրվել են վերստուգիչ հանձնաժողովի անդամները, նախագահը, ազգային խորհրդի կազմը։ Կուսակցության անդամների որոշմամբ՝ «Ազատության հրապարակ»-ի նախագահ է ընտրվել Լևան Ցուցքիրիձեն։

Ցուցքիրիձեն լրագրողներին ասել է, որ «Ազատության հրապարակ»-ի ստեղծած կուսակցությունը լինելու է «իսկապես ժամանակակից, ժողովրդավարական քաղաքական կուսակցություն, որի խնդիրն է վերադարձնել պետությունը»։

«Մեր նպատակը Վրաստանում առաջատար քաղաքական ուժ ստեղծելն է: Սա կլինի իսկապես ժամանակակից, ժողովրդավարական քաղաքական կուսակցություն։ Դրանից հետո մեր խնդիրը լինելու է պետության վերադարձը։ Մենք պետք է հետ վերցնենք այն պետությունը, որը մեզնից խլում է «Վրացական երազանք»-ը, և սա պետք է անենք բոլորս միասին», — ասել է Ցուցքիրիձեն:

«Ազատության հրապարակ» («Թավիսուփլեբիս մոեդանի») քաղաքական նոր շարժումը հիմնադրվել է 2024 թվականի հուլիսի 1-ին: Շարժումն իր համախոհների հետ հիմնել է «Բազմակուսակցական ժողովրդավարության կենտրոն»-ի (EECMD) ղեկավար Լևան Ցուցքիրիձեն:

«Ազատության հրապարակ»-ը որպես շարժում եղել է ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի անդամ։ 2024-ի հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի մաս կազմող «Ազատության հրապարակ»-ը պնդում էր, որ ընտրությունները կեղծվել են։ Նրանք դիմադրության շարժում էին սկսել։