Երեկվա օրը համառոտ. մարտի 7

Վրաստանում շարունակական բողոքի ցույցերի 100-րդ օրն էր. Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելիի պողոտան, որտեղ օրենսդիր մարմնի շենքն է գտնվում` արգելափակված էր։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք ունեն այլ երկրներում ստացած վարորդական վկայականներ, այլևս չեն ենթարկվի վարչական պատասխանատվության, եթե այդ վկայականները համապատասխանում են միջազգային չափանիշներին։

Վրաստանի Քվեմո Քարթլիի շրջանի Մառնեուլիի մունիցիպալիտետի հայաբնակ Չանախչի գյուղի նորակառույց դպրոց տանող ճանապարհը կվերականգնվի: Խոժոռնի գյուղում էլ գազ չկա, բայց գյուղապետարանի շենքը կջեռուցվի, ինչպե՞ս:

Սուրճի սերվիս, միքսերներ, բլենդերներ, նկարներ, պատառաքաղների հավաքածուներ. սրանք այն կենցաղային պիտույքներն են, որոնք Նինոծմինդայի քաղաքապետարանը տարվա ընթացքում տարբեր միջոցառումներին մասնակցող կանանց համար է գնել:

Վրաստանի դատախազությունը կարմիր շրջաբերականով արդեն դիմել է Ինտերպոլին՝ «Վրացական երազանք»-ի հիմնադիր, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի նախկին «անձնական ֆինանսիստ» Գիորգի Բաչիաշվիլիի հետախուզման հարցով։

Բաչիաշվիլիին Հայաստան տեղափոխած վարորդ Շոթա Քարումիձեն իրեն մեղավոր է ճանաչել, դատապարտվել է ազատազրկման։

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն, որը վերահսկում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումը, կոչ է արել Վրաստանին չեղարկել հոմոֆոբ օրենքը։

MEGOBARI Act-ի («Վրաց ժողովրդի ակտ») ԱՄՆ սենատում գրանցված տարբերակը կքննարկի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաջորդ շաբաթվա սկզբին:

Բելգիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելիի ազատազրկմանը` նշելով, որ Վրաստանի իշխանությունների ռեպրեսիվ գործողությունները լրագրողների և խաղաղ ակտիվիստների նկատմամբ մտահոգիչ են։ Նախարարությունը կոչ է արել հարգել խաղաղ հավաքների ազատությունը։

Վրաստանի արդարադատության նախարարությունը (ԱՆ) հրաժարվել է գրանցել «Շարժում սոցիալ-ժողովրդավարության համար»-ին: Շարժման փոխանցմամբ՝ նախարարությունից ոչ պատճառն են հայտնել, և ոչ էլ որևէ ընթացակարգ է հետևել:

Բողոքի ցույցերի ընթացքում խմբակային բռնություն կազմակերպելու մեղադրանքով ձերբակալված ութ անձի՝ Զվիադ Ցեցխլաձեին, Վասիլ Կաձելաշվիլին, Վեփխիա Կասրաձեին, Իրակլի Միմինոշվիլիին, Ինսափ Ալիևին, Թոռնիկե Գոշաձեին, Նիկոլոզ Ջավախիշվիլիին և Գիորգի Գիորգաձեին դատարանը թողեց կալանքի տակ։

Վրաստանից չվերահսկվող Ցխինվալիի (Հարավային Օսիա) շրջանի դե ֆակտո նախագահ Ալան Գագլոևի վիճակը կայուն է:

13 երկրի դեսպաններ «Վրացական երազանք»-ի ընտրած Վրաստանի 6-րդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին, որի լեգիտիմությունը կասկածահարույց է, հավատարմագրեր են հանձնել։

«Վրացական երազանք»-ի փոխարտգործնախարար Վլադիմիր Կոնստանտինիդիի խոսքով՝ ոչ պաշտոնական տվյալներով ավելի քան 1,5 միլիոն վրացի է ապրում արտասահմանում։

Օրթաճալայի Բեժան Կալանդաձեի և Վախթանգ Գորգասալիի փողոցների խաչմերուկում մարտի 5-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած կինն այսօր՝ մարտի 6-ին, մահացել է հիվանդանոցում։