Խոժոռնիի գյուղապետարանը կջեռուցվի

Վրաստանի Քվեմո Քարթլիի շրջանի Մառնեուլիի մունիցիպալիտետի Խոժոռնի գյուղի գյուղապետարանը (վարչական շենքը) կջեռուցվի: Այս տեղեկությունը պարզ է դառնում Մառնեուլիի քաղաքապետարանի հայտարարած մրցույթից:

Քաղաքապետարանը 11 հազար 200 լարիի մրցույթ է հայտարարել՝ մունիցիպալիտետի 3 գյուղերի շենքերում կենտրոնացված ջեռուցման համակարգերի տեղադրման համար անհրաժեշտ նախագծային և ծախսային հաշվառման փաստաթղթերի պատրաստման ծառայությունների պետական​​ գնումների համար։ Մրցութային առաջարկի համաձայն,  կենտրոնացված ջեռուցում կտեղադրվի Սաիմերլո գյուղի բազմաֆունկցիոնալ շենքում, Ծերեթելի և Խոժոռնի գյուղերի գյուղապետարաններում:

Քաղաքապետարանի մրցութային փաստաթղթի համաձայն, հայերով և ադրբեջանցիներով բնակեցված Խոժոռնիի գյուղապետարանի ջեռուցման համար միայն նախատեսվում է ծախսել 50 հազար լարի:

Նշենք, որ Խոժոռնիում բնական գազ չկա. պարզելու համար, թե ինչպես է գազի բացակայության պայմաններում ջեռուցվելու գյուղապետարանի շենքը, «Ալիք Մեդիա Վրաստան»-ը կապ հաստատեց Խոժոռնին Մառնեուլիի սակրեբուլոյում ներկայացնող պատգամավոր Արսեն Հախվերդյանի հետ:

«Այս փուլում նախատեսվում է միայն ջեռուցման սարքավորումները տեղադրել, քանի որ գյուղում գազաֆիկացում չկա», — ասաց Հախվերդյանը:

Հախվերդյանը մարտի 6-ին իր Facebook-յան էջում իր ենթակայության տակ գտնվող գյուղերում իրականացվելիք ծրագրերի մասին գրառում էր արել և նշել. «Հաջորդիվ սպասում ենք երկնագույն վառելիքին»:

Խոժոռնի գյուղի գազաֆիկացման հարցը դեռևս լուծված չէ և մեծ խնդիր է առաջացնում գյուղացիների համար։ 2022 թվականի դեկտեմբերին Հախվերդյանն «Ալիք Մեդիա Վրաստան»-ին տված հարցազրույցում ասել էր, որ գյուղում գազաֆիկացումը տեղի կունենա 6 ամսից։

Նշենք, որ Խոժոռնի գյուղում, նաև հարևան հայաբնակ գյուղերում (Գյուլիբաղ, Աղքյորփի, Ուլիանովկա, Չանախչի, Խոխմել, Օփրեթ, Բրդաձոր, բացառությամբ Ծոփ գյուղի) երբեք գազաֆիկացում չի եղել։ Տեղաբնակները գազի փոքր բալոններ են օգտագործում, դրանք լցնում են գազալցակայաններում կամ գյուղ մտնող գազի մեքենաներից՝ ժամանակավոր օգտագործման համար։