
Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի շրջանի հայաբնակ գյուղերում ավարտվել են «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում հանդիպումները։ «Ալիք Մեդիա Վրաստան»-ը պարզել է ծրագրի շրջանակներում Մառնեուլիի հայաբնակ գյուղերում ընտրված առաջնահերթությունները։
Ի դեպ, այս տարի առաջին անգամ, բոլոր գյուղական հանդիպումներում քաղաքապետարանի աշխատակիցները հայտնել են, որ գյուղերին հատկացվող գումարը, հավանաբար, 200 տոկոսով կավելացվի:
- Դամիա գյուղում կվերանորոգվի ակումբի հարևանությամբ գտնվող սենյակը: Ըստ գյուղացիների՝ նախատեսում են օգտագործել որպես ժամանցի, հետագայում՝ մարզումների սենյակ: Գյուղին հատկացվել է 12 հազար լարի։
- Կարմիրգյուղում կվերանորոգվի հուշարձանին հարող այգին: Ըստ գյուղացիների՝ լուսավորություն կանցկացվի, կտնկվեն դեկորատիվ ծառեր, աթոռներ կտեղադրվեն, հատակին դեկորատիվ քարեր կշարվեն և այլն: Գյուղին հատկացվել է 16 հազար լարի:
- Շահումյան գյուղում կշարունակվի ցերեկային լուսավորության անցկացման աշխատանքն ու այս տարի ավարտին կհասցվի. գյուղն ամբողջությամբ լուսավորված կլինի: Գյուղին հատկացվել է 20 հազար լարի։
- Խոժոռնի գյուղում հանգստյան գոտի կկառուցվի, որը համալրված կլինի հանգստյան գոտիների համար նախատեսված բոլոր սարքուկարգով: Գյուղին հատկացվել է 16 հազար լարի։
- Բրդաձոր գյուղ եկող զառիվեր ճանապարհը կբետոնապատվի: Գյուղին հատկացվել է 10 հազար լարի։
- Գյուլիբաղում բետոնե ջրատարներ կկառուցվեն, որոնք նախատեսված կլինեն ոռոգման ջրի համար: Գյուղին հատկացվել է 12 հազար լարի։
- Ծոփ գյուղում կշարունակվի 2024 թվականի բյուջեով կիսատ մնացած բետոնապատ ճանապարհի շարունակությունը: Գյուղին հատկացվել է 16 հազար լարի։
- Աղքյորփիում նախատեսվում է ժամանցի սենյակին հարող հին շինությունը քանդել և դրա հաշվին ժամանցի սենյակը մեծացնել: Գյուղին հատկացվել է 16 հազար լարի։
- Չանախչի գյուղում գետի ափամերձ ճանապարհները կվերանորոգվեն, որոնք քանդվել էին գետի վարարումից: Գյուղին հատկացվել է 12 հազար լարի։
- Օփրեթիում գերեզմանատան ցանկապատի ստորին հատվածում բետոնապատում կիրականացվի` առավել ամրացնելու նպատակով: Գյուղին հատկացվել է 10 հազար լարի։
- Խոխմել գյուղում կշարունակվի 2024-ից կիսատ մնացած բետոնապատ ճանապարհի շարունակությունը։ Գյուղին հատկացվել է 10 հազար լարի։
- Ծերաքվի գյուղում կշարունակվի ցերեկային լուսավորության անցկացումը և այս տարի ավարտին կհասցվի. գյուղն ամբողջությամբ լուսավորված կլինի: Գյուղին հատկացվել է 10 հազար լարի։
- Սիոնիում գերեմանատան վերանորոգում կիրականացվի: Գյուղին հատկացվել է 10 հազար լարի։
Կարմիրգյուղի բնակիչ, ուսանող Գարիկ Գասպարյանն «Ալիք Մեդիա Վրաստան»-ին ասաց, որ Մառնեուլիի քաղաքապետարանից հանդիպումներին եկած աշխատակիցներն ասել են, որ գյուղին հատկացվող 16 հազար լարին կրկնապատկվելու է. կդառնա 32 հազար լարի:
Դամիայի բնակիչներից մեկը, որ չցանկացավ ներկայանալ, պատմեց. «Հանդիպումների ժամանակ Մառնեուլիի քաղաքապետարանից եկած աշխատակիցներն ասացին, որ հատկացվելիք գումարի չափը՝ 12 հազար լարին, կավելացնեն 2 անգամ, որպեսզի սենյակն ամբողջովին վերանորոգվի»:
Վերոնշյալ գյուղերը (բացի Դամիայից ու Կարմիրգյուղից) Մառնեուլիի սակրեբուլոյում ներկայացնող հայազգի պատգամավոր Արսեն Հախվերդյանը «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց, որ այս տարի, ի տարբերություն նախորդների, «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում գյուղական ժողովներ-խորհրդակցություններին գյուղացիները զգալիորեն ակտիվ են մասնակցում:
«Բոլոր գյուղերում էլ ակտիվություն էր նկատվում: Գյուղացիներն ազատ արտահայտում էին իրենց ցանկությունները, և հատկանշական է, որ հենց նրանց առաջադրած ցանկություններն ու գաղափարներն են մեծամասամբ իրականացվում», — նշեց Հախվերդյանը:
Ի դեպ, Մառնեուլիում «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում գյուղական ժողովներ-խորհրդակցությունները մեկնարկել էին փետրվարի 10-ից:
«Աջակցություն գյուղին»- ծրագրի համար 2025 թվականին կենտրոնական բյուջեից Մառնեուլիին հատկացվել է 1 մլն 232 հազար լարի: Գումարը բաշխվել է գյուղերին՝ ըստ բնակչության թվի։ Յուրաքանչյուր գյուղի համար նվազագույն գումարը 10 հազար լարի է, իսկ առավելագույնը՝ 20 հազար լարի: