Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մեդիա ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ մայիսի 13-ին Թբիլիսիիում կայացավ «Հարվկովկասյան երկրներում ռուսական ապատեղեկատվության տարածման վտանգը» խորագրով սեմինարը:
Միջոցառումն իրականացվեց Ազգային ժողովրդավարության հիմնադրամի (NED) աջակցությամբ, «Ֆաբրիկա» համալիրի «Impact Hub» կենտրոնում:
Հայաստանյան «ampop.am» առցանց լրատվամիջոցի հիմնադիր և գլխավոր խմբագիր Սուրեն Դեհերյանը խոսեց հետխորհրդային երկրներում ռուսական հեռուստաալիքների նշանակության, ինչպես նաև հայաստանյան լրատվամիջոցներում ձևավորված Ռուսաստանի կերպարի մասին: Դեհերյանի խոսքով՝ Ռուսաստանի կերպարը ստեղծում են ավելի շատ բացասական, քան դրական բովանդակության լուրերը: Նա նշեց, որ վերջին շրջանում ավելացել են ռուսական շահերը պաշտպանող կայքերը։ Հավելելով, որ չի ցանկանում «գովազդել» դրանք, այնուամենայնիվ բերեց մեկ օրինակ.
«Շատ արագ տարածում է գտնում «Սպուտնիկ Արմենիան», որը տեղական իրադարձությունների բավականին չեզոք լուսաբանմամբ հանրային հետաքրքրություն է առաջացնում, սակայն այն ակնհայտ ռուսական շահերը ներկայացնող ռեսուրս է, գուցե ոչ հիմա, բայց անհրաժեշտության դեպքում այն անպայման կօգտագործվի»:
Պատասխանելով մեր հարցին, լրագրողը նշեց, որ այս ամենը հանրության կողմից չի ընկալվում որպես խնդիր, սակայն հավելեց, որ 2014թ․-ի հետ համեմատելով մարդկանց տրամադրվածությունը Ռուսաստանի հադեպ զգալիորեն վատթարացել է:
«Հակաարևմտյան քարոզչությունում Ռուսաստանը ապատեղեկատվություն է տարածում հիմնականում արևմտյան արժեքների վերաբերյալ՝ հայտարարելով, որ Արևմուտք նշանակում է միասեռականների ամուսնություն, և մի շարք արժեքներ, որոնք Վրաստանի համար անընդունելի են: Հակաարևմտյան քարոզչության երկրորդ ամենատարածված թեման ՆԱՏՕ-ում ինտեգրվելու հարցն է, որտեղ խոսվում է այն մասին, թե իբր ՆԱՏՕ-ն միևնույն է Վրաստանին չի ընդունելու, այն միայն օգտագործում է մեր զինվորներին և հարկ եղած դեպքում մեր կողքին չի կանգնելու»,- նշեց Վրաստանի մեդիայի զարգացման հիմնադրամի ղեկավար Թամար Խորբալաձեն:
Մեզ հետ զրույցում նա հավելեց, որ հակաարևմտյան քարոզչության համար ամենախոցելի շրջանները շարունակում են մնալ վրացերենին չտիրապետող շրջանները՝ Մառնեուլին և Սամցխե-Ջավախեթին, որտեղ տեղեկատվությունը ստացվում է հիմնականում ռուսալեզու աղբյուրներից: Հիմնադրամի ղեկավարը ընդգծեց, որ շատ կարևոր է նրանց անաչառ տեղեկատվություն մատուցել իրենց իսկ մայրենի լեզվով:
Միջոցառման ադրբեջանական կողմի ներկայացուցիչը հարցի շուրջ Ալիքին հրաժարվեց որևէ մեկնաբանություն անել: