Երեկվա օրը համառոտ. մարտի 5

«Համաներդրումային հիմնադրամ»-ի նախկին նախագահ և «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նախկին դաշնակից Գիորգի Բաչիաշվիլին, որին Իվանիշվիլին դատի է տվել, երկիրը լքելուց հետո Հայաստանում է գտնվում: Սա իշխանական փորձագետի համար հարմար «առիթ» էր հակահայ գրառում անելու համար: Իվանիշվիլիի համար դատախազությունը երրորդ մեղադրանքն է առաջադրել:

Վրաստանի Սենակի քաղաքի շրջանային դատարանը Մարտվիլիի մունիցիպալիտետի Բալդի գյուղի կիրճի ներդրող, «Կանիոնի 350» ընկերության տնօրեն Գիորգի Մերկվիլաձեին մեղավոր է ճանաչել կիրճում շինարարության հակառակորդներից Ցոտնե Թվարաձեի նկատմամբ բռնություն գործադրելու համար։

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ն (GYLA) արձագանքել է Բաթումիի քաղաքային դատարանում մարտի 4-ին Մզիա Ամաղլոբելիի քրեական գործով անցկացված նախնական դատական ​​նիստին՝ նշելով, որ դատարանը կրկին անօրինական կալանքի տակ է թողել լրագրողին։

Թբիլիսիի քաղաքային դատարանը քննել է խմբակային բռնության գործով ձերբակալված 11 ցուցարարների գործը։

Բաթումիի ցույցերի դրոշակակիր Թեմուր Քաթամաձեն, որ արդեն 48 օր հացադուլի մեջ է, տեղափոխվել է բուժհաստատություն, դադարեցրել է հացադուլը։

Վրաստանի դատախազությունը խնդրել է ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնող «Արդար ընտրություններ» հասարակական կազմակերպությանը (ISFED)` ուղարկել ողջ փաստաթղթերը, որոնք արտացոլում են 2024 թվականի ընտրությունների ժամանակ ձայների զուգահեռ հաշվարկը։

Եվրոպական միության մամուլի գրասենյակը հայտնել է, որ ԵՄ-ն հաշվի է առնում Բալթյան երկրների որոշումը և պատրաստ է ձեռնարկել հետագա քայլեր, ներառյալ պատժամիջոցներ՝ բռնության համար պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու համար։

«Վրացական երազանք»-ից առանձնացած և կեղծ ընդդիմություն դարձած, հակաարևմտյան հռետորաբանությամբ հայտնի «Ժողովրդի ուժը» քաղաքական խմբի անդամ Սոզար Սուբարին միակուսակցական խորհրդարանում «Հեռարձակման մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ հանդես է եկել սոցիալական ցանցերը կանոնակարգելու նախաձեռնությամբ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 5-ին հանդիպել է օկուպացված Աբխազիայի «նախագահ» Բադրա Գունբայի հետ։

Թբիլիսիի Օրթաճալա թաղամասի Բեժան Կալանդաձեի և Վախթանգ Գորգասալիի փողոցների խաչմերուկում տրակտորը շրջվել է զառիթափից և մխրճվել երեք մեքենաների մեջ։