Անկախ մեդիան վտանգի տակ. նոր սահմանափակումներ

Փետրվարի 24-ին «Վրացական երազանք»-ը նախաձեռնել է «Հեռարձակման մասին» Վրաստանի օրենքում փոփոխությունների երկու փաթեթ։

Արտասահմանյան ֆինանսավորման արգելք։ Փոփոխությունների առաջին փաթեթի համաձայն՝ հեռարձակողին արգելվում է ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորում (կանխիկ կամ նյութական այլ օգուտներ) ստանալ արտասահմանից։ Ըստ այդմ, կարգելվի ոչ միայն ուղղակի ֆինանսական օգնությունը, այլև սարքավորումների փոխանցումը, ուսուցումը, լրատվամիջոցների զարգացման ծրագրերը և այլն։ Միակ բացառությունը կոմերցիոն գովազդի, հեռուստաշոփինգի, հովանավորության և ծրագրում արտադրանքի (ապրանքների/ծառայությունների) տեղադրման համար գումար ստանալն է:

Բացի վերը նշված բացառություններից, արգելվում է նաև հեռարձակողի ծառայությունների գնումը և/կամ օտարերկրյա կազմակերպության կողմից հաղորդման պատրաստման և/կամ հեռարձակման ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորումը կամ համաֆինանսավորումը։

Մեդիա կազմակերպությունները չեն կարողանա ստանալ ֆինանսավորում արտասահմանից, այդ թվում՝ պետություններից, միջազգային կազմակերպություններից կամ անհատներից. մասնավորապես, նրանց թվում են՝

  • Անձը, որը Վրաստանի քաղաքացի չէ,
  • Վրաստանում չհիմնավորված իրավաբանական անձը,
  • Օտարերկրյա պետության կամ միջազգային իրավունքի համաձայն ստեղծված ցանկացած հիմնադրամ, ասոցիացիա, կորպորացիա, միություն կամ անձանց միություն:

Կանոնակարգեր
Երկրորդ փաթեթը ներառում է փոփոխություններ, որոնք նոր սահմանափակումներ են սահմանում հեռարձակողների համար (հեռուստատեսություն, ռադիո) փաստերի պատշաճ ճշգրտության, արդարության և անաչառության ոլորտներում:

Ըստ փոփոխության՝ «հեռարձակողին արգելվում է լրատվական ծրագրում լուսաբանել քաղաքական կամ այլ տեսակի հակասություններ կամ հանրային քաղաքականության արդի խնդիրներ արտացոլող տեղեկություն՝ ելնելով հեռարձակողի անձնական վերաբերմունքից կամ կարծիքից։ Անթույլատրելի է ծրագրում որևէ քաղաքական կուսակցության, հասարակական, կրոնական միավորման կամ այլ շահագրգիռ խմբի կողմնակից կամ դեմ դիրքորոշում արտահայտելը»:

Խախտման դեպքում Հաղորդակցությունների հանձնաժողովը կարող է հեռարձակողի նկատմամբ նշանակել տուգանք՝ կախված հանգամանքներից՝ տարեկան հասույթի 0,5%-ի, 1%-ի կամ 3%-ի չափով, կասեցնել կամ ուժը կորցրած ճանաչել հեռարձակողի լիցենզիան։

Միայն «հանրային շահի» դեպքում լրագրողը կարող է.

Կատարել տեսաաուդիո ձայնագրում առանց լիազորված անձի համաձայնության՝ ինչպես մասնավոր, այնպես էլ պետական ​​հաստատության տարածքում։
Պատրաստել սյուժե «ուսումնական հաստատությունում, հիվանդանոցում, քրեակատարողական հիմնարկում, ոստիկանության բաժնում կամ շտապօգնության մեքենայում»՝ առանց լիազորված անձի և դեպքի վայրում գտնվողների թույլտվության։

Բազմաթիվ մեդիա մենեջերներ, փորձագետներ և կազմակերպություններ նշում են, որ փոփոխությունները կոպտորեն խախտում են Վրաստանի Սահմանադրությամբ և մարդու իրավունքների միջազգային օրենսդրությամբ երաշխավորված խոսքի ազատությունը։

«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում «Տարածաշրջանային հեռարձակողների դաշինք»-ի տնօրեն Նաթիա Կուպրաշվիլին ևս փաստում է, որ առաջին լսմամբ ընդունված մեդիա կազմակերպություններին վերաբերող օրենքները նպատակ ունեն խարխլելու անկախ մեդիայի աշխատանքը, որը կազդի ոչ միայն մեդիա կազմակերպությունների աշխատանքի, այլ նաև հասարակության վրա:

«Օրենքները վերաբերում են հեռարձակող մեդիաներին. դրանք կարծես թե չեն տարածվում առցանց լրատվամիջոցների վրա, թեև կարծում եմ, որ հետագայում կարող են տարածվել նաև առցանց լրատվամիջոցների վրա: Սա «Վրացական երազանք»-ի մի շարք ռեպրեսիվ օրենքների շարունակությունն է. այժմ նրանք ցանկանում են ուղղակիորեն միջամտել մեդիա կազմակերպությունների բովանդակությանը և ամբողջությամբ արգելափակել ֆինանսական աղբյուրները` այս դեպքում հեռարձակողների համար: Ըստ «Վրացական երազանք»-ի, դա վերաբերում է օտարերկրյա ֆինանսավորմանը, բայց այդպես չէ, և դա միայն արտաքին ֆինանսավորմանը չի վերաբերում: Նրանք վերացնում են որոշակի տեսակի գովազդ՝ արգելելով դրա վաճառքը թե՛ ներսում՝ Վրաստանի քաղաքացիներին, թե՛ դրսում, դրանով փորձում են «սպանել» անկախ և քննադատող լրատվամիջոցներին՝ հիմնականում թիրախավորելով փոքր և տարածաշրջանային մեդիաները»,- ընդգծեց Կուպրաշվիլին:

«Տարածաշրջանային հեռարձակողների դաշինքի» տնօրենը նշեց նաև քննարկվող օրենքների վատ ազդեցության մասին մասնավորապես հասարակության համար. նրա խոսքով՝ «յուրաքանչյուր քաղաքացու համար տեղական և գլոբալ խնդիրները քննարկելը և լուծելու հնարավորությունները ավելի քիչ կլինեն».

«Չնայած ռեպրեսիվ բովանդակության օրենքներին, լրատվամիջոցները փորձում են ուժ գտնել իրենց աշխատանքը շարունակելու համար: Շրջաններում ապրող բնակչությունն առանց դրա էլ դժվարանում էր բարձրաձայնել իր համար կարևոր հարցերը, հիմա իրավիճակն էլ ավելի կբարդանա, քանի որ գլոբալ խնդիրները հիմնականում բնակչությանը հասնում են «սև ու սպիտակ գույներով»: Նաև շատ տեղական խնդիրներ կան, որոնք քննարկելու և լուծելու հնարավորությունները ավելի քիչ կլինեն։ Այս օրենքների արդյունքում յուրաքանչյուր քաղաքացի ավելի քիչ պաշտպանված կլինի։ Ուստի մեծ խնդիր է դրվում հասարակության և լսարանի առջև, քանի որ նրանք այլևս աջակցող լրատվամիջոց չեն ունենա»:

«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում վերոնշյալ վտանգների մասին է փաստում նաև «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան» հասարակական կազմակերպության տարածաշրջանային գրասենյակի ղեկավար, լրագրող Զվիադ Քորիձեն:

Նրա խոսքով՝ օրենքն ավելի վնասակար կլինի հասարակության համար, որովհետև կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, երբ հեռարձակողները կվերացվեն երկրում, քանի որ այս օրենքում կատարված փոփոխություններով շատ հեշտ կլինի վերահսկել հեռարձակողներին, նրանց խմբագրական քաղաքականությունը և այլն։

«Եթե հեռարձակողը չկատարի այդ կանոնները, ապա նրա իրավազորությունը կչեղարկվի: Գործնականում լրատվամիջոցները պետք է ուժեղացնեն  հասարակությանը, սակայն «Վրացական երազանք»-ին դա հետաքրքիր չէ, ուստի ներդնում է կարգավորող մեխանիզմ: Սա նշանակում է, որ Հաղորդակցության հանձնաժողովին եթե որևէ լրատվամիջոցի արտադրած որևէ պատմություն, հեռուստատեսային արտադրանք դուր չի գալիս, կարող է հետաքննություն սկսել. եթե հեռուստաարտադրանքը վերանայվի մեկից ավելի անգամ կամ պատժամիջոցներ կիրառվի հեռարձակողի նկատմամբ, ապա այդ հեռուստաընկերության լիազորումը կկասեցվի»,- ընդգծեց Քորիձեն:

Նա նշեց, որ իշխանությունը փորձում է կոպտորեն միջամտել հեռուստաընկերությունների խմբագրական անկախությանը, «և դա կհանգեցնի նրան, որ մեր հասարակությունը կկորցնի այնպիսի լրատվական միջավայր, որը փոխանցում է բազմակողմանի տեղեկություն, արդյունքում կմնան մեկ գրաքննության բովանդակությամբ լրատվամիջոցներ»:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան»-ի (TI) կարծիքով` «Վրացական երազանք»-ի ծրագրած փոփոխությունները խորհրդարանում «բացահայտորեն հակասում են Վրաստանի Սահմանադրությամբ և մարդու իրավունքների միջազգային օրենսդրությամբ երաշխավորված արտահայտվելու ազատությանը»:

Ըստ կազմակերպության՝ օրենքը պարունակում է մի շարք «անհասկանալի նորմեր», որոնք «կարող են հիմք ծառայել հեռարձակողի խոսքի ազատության չհիմնավորված սահմանափակումների համար»։