Բալդիի կիրճի ներդրողին դատարանը տուգանել է քաղաքացուն ծեծելու համար

Վրաստանի Սենակի քաղաքի շրջանային դատարանը Մարտվիլիի մունիցիպալիտետի Բալդի գյուղի կիրճի ներդրող, «Կանիոնի 350» ընկերության տնօրեն Գիորգի Մերկվիլաձեին մեղավոր է ճանաչել կիրճում շինարարության հակառակորդներից Ցոտնե Թվարաձեի նկատմամբ բռնություն գործադրելու համար։

Դատարանի մարտի 4-ին հրապարակած որոշմամբ՝ Գիորգի Մերկվիլաձեին պարտավորեցրել են վճարել 1000 լարի տուգանք։ Նրա դեմ գործը քննվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է ծեծվողին կամ տուժողին ֆիզիկական ցավ պատճառած այլ բռնությանը։ Ինքը՝ Գիորգի Մերկվիլաձեն, համաձայն չէ որոշման հետ և մտադիր է բողոքարկել։

Ըստ «Բալդիի կիրճը պահպանելու համար» շարժման՝ միջադեպը, որի համար ներդրողը դատապարտվել է դատարանի կողմից, տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերի 10-ին Մարտվիլիի Պահպանվող տարածքների գործակալության գրասենյակում, որտեղ հանդիպում էր անցկացվում կիրճի շինարարության վերաբերյալ։

Շարժման անդամ Ցոտնե Թվարաձեն ասել է, որ Գիորգի Մերկվիլաձեն առերեսվել է Բալդի գյուղի բնակիչների հետ։

«Կանիոնի 350»-ի տնօրենը կարծում է, որ դատարանը «կողմնակալ» որոշում է կայացրել՝ հիմնվելով բացառապես Ցոտնե Թվարաձեի ցուցմունքի վրա։ Գիորգի Մերկվիլաձեն հերքում է, թե ինչ-որ մեկին ծեծել է։ Նա ասել է, որ իր դեմ կատարված միջադեպը միտումնավոր ծրագրել են ձորում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման հակառակորդները։

Նրա դեմ մեկ այլ գործ է քննվում Սենակիի վարչական շրջանի դատարանում՝ նույնպես բռնության հոդվածով, թեև՝ այս անգամ խոսքը խմբով կատարված հանցագործության մասին է։ Գիորգի Մերկվիլաձեն այս մասով ևս հերքում է բռնության փաստը:

Գյուղացիներից մի քանիսի և «Կանիոնի 350» ընկերության ներկայացուցիչների միջև վեճը Մարտվիլիի մունիցիպալիտետի Բալդիի կիրճում զբոսաշրջային ենթակառուցվածքների շինարարության մեկնարկի հետ կապված շարունակվում է 2023 թվականի ամառվանից։ Ըստ «Բալդիի կիրճը պահպանելու համար» շարժման անդամների՝ բնության հուշարձանի կարգավիճակ ունեցող կիրճը 2022 թվականին Պահպանվող տարածքների գործակալության կողմից 40 տարի վարձակալությամբ փոխանցվել է «Կանիոնի 350» մասնավոր ընկերությանը՝ առանց տեղի բնակիչների իմացության։ Շինարարական աշխատանքները տեղում սկսվել են 2023 թվականի ապրիլին։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ընկերությունը պարտավոր է մինչև 3 մլն լարի ներդնել՝ կիրճը զբոսաշրջիկների համար գրավիչ վայր դարձնելու և էկոտուրիզմի ենթակառուցվածքներ կազմակերպելու համար՝ ներառյալ այցելուների կենտրոն, 350 մետր երկարությամբ երթևեկություն, ճոպանուղի և հետիոտնային արահետ։ Բնակչության մի մասը դեմ է այս շինարարությանը։ Նրանք կարծում են, որ պետության հետ «կոռուպցիոն գործարքով» օտարված տարածքում կենդանական աշխարհը կոչնչացվի, «կբետոնացվի», և տեղացիներին կարգելվի օգտվել հայրենի կիրճից։