
«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ն (GYLA) արձագանքել է Բաթումիի քաղաքային դատարանում մարտի 4-ին Մզիա Ամաղլոբելիի քրեական գործով անցկացված նախնական դատական նիստին՝ նշելով, որ դատարանը կրկին անօրինական կալանքի տակ է թողել լրագրողին։
«Դատաքննության ընթացքում մեղադրող կողմը հայտարարեց, որ վկաների վրա ազդելու վտանգ այլևս չկա, սակայն, ելնելով նոր հանցագործություն կատարելու և փախուստի դիմելու սպառնալիքից, ևս մեկ անգամ ամբողջովին անհիմն միջնորդեց Մզիա Ամաղլոբելիին պահել կալանքի տակ»,- գրել է կազմակերպությունը։
Ըստ GYLA-ի՝ պաշտպանական կողմը դատավարությանը ներկայացրել է Գերագույն դատարանի կողմից շուրջ 20 նման գործերի վերաբերյալ ընդունված որոշումներ, որոնց համաձայն` դատարանը նույնիսկ այնպիսի գործողություններ, ինչպիսիք են՝ ոստիկանության աշխատակցի գլխին շշով, քարով հարվածելը, դեմքին մի քանի անգամ բռունցքով հարվածելը և այլն` չի գնահատվել որպես ոստիկանության աշխատակցի նկատմամբ հարձակում։
«Այս գործողությամբ դատարանը Մզիա Ամաղլոբելիին զրկել է պաշտպանության իրավունքի իրագործումից և նույնիսկ ընթացակարգային մակարդակով չի ապահովել արդար դատաքննության նրա իրավունքը։ Դատարանի այս որոշումն աննախադեպ է վրացական արդարադատության մեջ։ Մեր կարծիքով՝ Ամաղլոբելին ոչ միայն մնում է անօրինական կալանքի տակ, այլև վրացական արդարադատությունը զրկել է նրան ինքնապաշտպանության և իր անմեղությունն ապացուցելու իրավունքից», – գրել է կազմակերպությունը։
Մզիա Ամաղլոբելիի իրավունքների պաշտպաններն են`
- «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ն,
- BLB իրավաբանական ընկերությունը և նրա ավագ գործընկեր Մաիա Մծարիաշվիլին,
- Փաստաբաններ Ռաժդեն Խիմշիաշվիլին և Կախա Ծերեթելին։