ISFED-ը դատախազությանը կփոխանցի ընտրաձայների զուգահեռ հաշվարկը

Վրաստանի դատախազությունը խնդրել է ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնող «Արդար ընտրություններ» հասարակական կազմակերպությանը (ISFED)` ուղարկել ողջ փաստաթղթերը, որոնք արտացոլում են 2024 թվականի ընտրությունների ժամանակ ձայների զուգահեռ հաշվարկը։

ISFED-ը հայտնել է, որ նամակ է ստացել Վրաստանի գլխավոր դատախազությունից, որը պահանջում է ներկայացնել ձայների զուգահեռ հաշվարկն արտացոլող ամբողջական փաստաթղթերը և 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների հաշվարկի արդյունքում ձեռք բերված եզրակացությունները։

Տեղեկության համաձայն՝ դատախազությունը պահանջում է այդ փաստաթղթերը՝ 2024 թվականի խորհրդարանական ընտրություններում ենթադրյալ կեղծիքների վերաբերյալ ընթացող հետաքննության շրջանակներում։

ISFED-ը գրել է, որ համապատասխան փաստաթղթերը կուղարկի դատախազություն։