
Եվրամիությունը չի ճանաչում այն սահմանադրական և իրավական դաշտը, որի պայմաններում անցկացվել են Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի «նախագահական» ընտրությունները, Բրյուսելում InterpressNews-ի հատուկ թղթակցին հայտնել են ԵՄ մամուլի ծառայությունից։
Հաղորդագրության մեջ նշված է՝ Եվրամիությունը պաշտպանում է Վրաստանի միջազգային իրավունքով ճանաչված տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։
«Ինչ վերաբերում է Վրաստանի օկուպացված, անջատված շրջանի` Աբխազիայի «նախագահական» ընտրություններին, Եվրամիությունը չի ճանաչում այն սահմանադրական և իրավական դաշտը, որի պայմաններում դրանք ընթացել են։ Եվրամիությունը կշարունակի չճանաչման և ներգրավվածության իր քաղաքականությունը», — հայտարարել են ԵՄ մամուլի գրասենյակում։
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայում մարտի 1-ին անցկացված արտահերթ «նախագահական» ընտրությունների 2-րդ փուլի նախնական արդյունքներով հաղթել է Ռուսաստանի աջակցությունը վայելող Բադրա Գունբան:
Ըստ դե ֆակտո Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հրապարակած նախանական արդյունքների՝ Գունբան հավաքել է ձայների 54,73 տոկոսը։ Գունբայի մրցակից Ադգուր Արձինբան ստացել է ձայների 41,54 տոկոսը։ Մինչ նախնական արդյունքների հրապարակումը Գունբան արդեն իրեն հաղթող էր հռչակել:
Մոսկվայից աջակցություն ունեցող Բադրա Գունբան հաղթում է Աբխազիայում