
Վերջին մի քանի օրերին Վրաստանի Ճիաթուրայի մունիցիպալիտետի հանքափորները հանրահավաքների միջոցով փորձում են գրավել իշխանության ներկայացուցիչների ուշադրությունը։ Փետրվարի 28-ից տասնյակ հանքագործներ բողոքի ցույցեր են անցկացնում՝ պետությունից պահանջելով պաշտպանել մանգան արդյունահանող «Ջորջիան Մանգանեզ» ընկերության աշխատակիցների և տեղացիների իրավունքները։
Ըստ աշխատակիցների՝ 2006 թվականից գործող «Ջորջիան Մանգանեզ» ընկերությունը չի կատարում իր պարտավորությունները ո՛չ բնակչության, ո՛չ իր աշխատակիցների նկատմամբ. ստորագրված պայմանագիրը վերանայման կարիք ունի:
«Մենք օգտագործեցինք հնարավոր բոլոր միջոցները։ 2023 թվականին միջնորդական հանձնաժողովի նիստերի կողմերից մեկն էինք, նստած էինք ընկերության հետ բանակցությունների սեղանի շուրջ՝ բացատրելու համար, թե ինչ խնդիրներ կան, ինչից են դրանք առաջացել, և ինչպես կարելի է դրանք լուծել։ Նրանք անտեսեցին այդ խնդիրները», — «Ազատություն» ռադիոկայանին ասել է նախաձեռնող խմբի անդամներից Դաթո Չինչալաձեն։
Ճիաթուրայում հանքարդյունաբերության գործընթացի հիմնական մասը դադարեցվել է 2024 թվականի նոյեմբերի 1-ից. այն ժամանակ աշխատակիցները խոստում էին ստացել, որ մինչև 2025 թվականի մարտի 1-ը կփոխանցվի իրենց աշխատավարձի 60 տոկոսը։ Նախաձեռնող խմբի անդամը նշել է՝ տարիներ առաջ Ճիաթուրայում մանգանի արդյունահանմամբ զբաղվում էր միայն մեկ ընկերություն, սակայն այժմ ստեղծվել են ենթաընկերություններ, որոնք արդեն երկու շաբաթ է, ինչ ավելացրել են արտադրության ծախսերը, և իրենք չեն ստացել պատշաճ փոխհատուցում:
«Ջորջիան Մանգանեզ»-ը Ճիաթուրայի ամենամեծ գործատուն է։ Այս ձեռնարկության անխափան գործունեությունից է կախված մունիցիպալիտետի տնտեսական գործունեությունը։
«Ջորջիան Մանգանեզ»-ի ներկայացուցիչ և Ճիաթուրայի կառավարման ընկերության վերահսկիչ խորհրդի նախագահ Թեմուր Խոնելիան «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ ընկերությունը պայքարում է ֆինանսական ճգնաժամի դեմ, քանի որ տեղի բնակչության պիկետի պատճառով արդյունահանումը դադարեցվել է հինգ հանքերում, որտեղ արդյունահանվում է օգտակար հանածոների 70 տոկոսը:
Հանքափորներն էլ ավելի մեծ բողոքի են պատրաստվում. երեքշաբթի օրը՝ մարտի 4-ին, նրանք ցանկանում են ավելի մեծ հանրահավաք անցկացնել։