Ալաթուման գյուղի դժվարանցանելի ճանապարհը

Ալաթուման գյուղում կա գյուղամիջյան ճանապարհի խնդիր. հատկապես դժվարանցանելի է դեպի դպրոց տանող ճանապարհը։ Առանց մեծերի օգնության երեխաները չեն կարողանում հաղթահարել բազմաթիվ փոսերը:

Ախալքալաքի շրջանում գտնվող Ալաթուման գյուղն արդեն երկար տարիներ բախվում է գյուղամիջյան ճանապարհի լուրջ խնդրին. ճանապարհն անբարեկարգ վիճակում է և մեծ դժվարություններ է ստեղծում գյուղացիների համար։ Խնդիրը հատկապես բարդանում է անբարենպաստ եղանակային պայմաններում։ Գյուղում հատկապես դժվարանցանելի է դեպի դպրոց տանող ճանապարհահատվածը` բազմաթիվ դարուփոսերով։ Դպրոցահասակ երեխաները ծնողների կամ քույր-եղբայրերի օգնությամբ են հասնում դպրոց։ Բնակիչները նշում են, որ ճիշտ է՝ դեպի գյուղ տանող ճանապարհը բարեկարգված է, սակայն գյուղամիջյան ճանապարհը ևս կարևոր է։

«Իմ երեխաներն ամեն օր անցնում են այս վտանգավոր ճանապարհով։ Ես ամեն առավոտ ստիպված եմ նրանց ուղեկցել դպրոց, որովհետև առանց իմ օգնության նրանք պարզապես չեն կարողանա անցնել այդ փոսերի միջով։ Շատ եմ անհանգստանում նրանց անվտանգության համար, հատկապես ձմռանը կամ անձրևներից հետո, երբ ճանապարհը ամբողջությամբ լցվում է ջրով։ Պարզապես անհնար է երեխաներին թողնել, որ ինքնուրույն գնան»,- նշեց բնակիչներից մեկը։

Անբարեկարգ ճանապարհը նաև վտանգում է վարորդների երթևեկությունը։ Հատկապես այն հատվածներում, որտեղ փոսերը խորն են՝ մեքենաները դժվարությամբ են հաղթահարում։ Ճանապարհի անբարեկարգ վիճակը մեծ դժվարություններ է ստեղծում վարորդների համար, նրանք պետք է մեծ զգուշությամբ և դանդաղ վարեն, որպեսզի չվնասվեն իրենց մեքենաները։

«Հատկապես դպրոցի ճանապարհով երթևեկելը բավականին վտանգավոր է։ Խոր փոսերը և ճանապարհի վատ վիճակը ինձ` որպես վարորդի, ստիպում են ավելի ուշադիր լինել։ Եթե հնարավոր լինի բարեկարգել այս ճանապարհը, դա շատ կօգնի թե մեզ՝ վարորդներիս, թե գյուղի բնակիչներին։ Ցանկանում եմ, որ այս խնդիրը շուտ լուծվի, որովհետև այսպես շարունակելն ուղղակի անհնար է»,- դժգոհում է մեկ այլ բնակիչ։

Ալաթուման գյուղի բնակիչները սպասում են, որ հետագայում գյուղամիջյան ճանապարհը կբարեկարգվի, ինչը հնարավորություն կտա երեխաներին ապահով, հեշտ և հարմարավետ պայմաններում հաճախել դպրոց, իսկ գյուղի բոլոր մյուս բնակիչներին՝ անցնել ճանապարհով առանց դժվարությունների։

Նշենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոն 2024-2027թթ․ նախատեսում է իրականացնել 6 ենթակառուցվածքային նախագծեր՝

  1. Օլավերդ գյուղի ճանապարհի վերականգնում. երկարությունը` 3,413 կմ, գումարը` 2,276,822 լարի,
  2. Ղադոլար գյուղի ճանապարհի վերականգնում. երկարությունը` 1,990 կմ, գումարը` 1,611,121 լարի,
  3. Տուրցխ գյուղի ճանապարհի վերականգնում. երկարությունը` 1,755 կմ, գումարը` 1,298,781 լարի,
  4. Գոման-Բալխո-Բուղաշեն ճանապարհի վերականգնում. երկարությունը` 3,660 կմ, գումարը՝ 3,037,388 լարի,
  5. Ափնիա-Գոգաշեն ճանապարհների վերականգնում. երկարությունը` 2.271 կմ, գումարը՝ 1,798,235 լարի;
  6. Ալաստան գյուղում 4,646 կմ երկարությամբ ջրանցքի կառուցում. նախագծի արժեքը՝ 208,068 լարի։

Այս նախագծերը կիրականացվեն երեք տարվա ընթացքում՝ վերականգնելով նաև Ֆիլիպովկա, Ազմանա և Թախչա գյուղերի ճանապարհները, որից հետո մունիցիպալիտետը կսկսի զբաղվել գյուղերի ներքին ճանապարհների ասֆալտապատմամբ։

Հեղինակ՝ Լուսինե Նուրջանյան