
Վրաստանում Նիդերլանդների դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում իր համերաշխությունն է հայտնում արևմտյան Վրաստանում ձյան առատ տեղումներից տուժած քաղաքացիներին։
«Նիդերլանդների դեսպանատան անունից մեր ցավակցությունն ենք հայտում արևմտյան Վրաստանում ձյան առատ տեղումներից տուժած քաղաքացիներին։ Իմերեթիի, Գուրիայի և այլ տուժած շրջանների բնակչությանը մաղթում ենք տոկունություն՝ դիմակայելու աղետին, և հաջողություն ենք մաղթում բոլոր նրանց, ովքեր ներգրավված են տուժածներին օգնելու գործում», — ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։
Հիշեցնենք. արևմտյան Վրաստանում ավելի քան մեկ շաբաթ է՝ ձյան առատ տեղումներ են: Իրավիճակը գնալով վատթարանում է. կան զոհերի մասին հաղորդումներ, բազմաթիվ գյուղեր կտրված են արտաքին աշխարհից, ավերվել ու վնասվել են շենքեր, անջատվել է էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումը, խաթարվել է բնակչության մի մասի սննդի մատակարարումը։