
Freedom House միջազգային կազմակերպության 2025 թվականի «Ազատությունն աշխարհում» զեկույցի համաձայն՝ Վրաստանն այն 14 երկրների թվում է, որտեղ քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների պայմանները կտրուկ վատթարացել են։
Ըստ 2024 թվականն ամբողջությամբ գնահատող զեկույցի՝ Վրաստանը 2023 թվականի համեմատ կորցրել է 3 միավոր և ներկայում ունի 55 միավոր։
Զեկույցում նաև քննարկվել են 2024 թվականին աշխարհի ավելի քան 65 երկրներում անցկացված ընտրությունները։ Զեկույցի համաձայն՝ 2024 թվականին 11 երկրներում, այդ թվում՝ Վրաստանում, ընտրությունների հետ կապված բողոքի ակցիաների ժամանակ բռնություններ են կատարվել քաղաքացիների նկատմամբ։
Freedom House-ն իրավիճակը Մոզամբիկում գնահատել է նույն չափանիշներով, նշելով, որ այս երկու երկրներում՝ Վրաստանում և Մոզամբիկում, կառավարությունն անհամաչափ ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ։
Ընտրություններում նկատված մանիպուլացիաների և բռնությունների առումով Վրաստանը նախորդ ընտրությունների համեմատ կորցրել է 2 միավոր։ Հնարավոր խախտումներից հինգը նկատվել են 2024 թվականին Վրաստանի խորհրդարանական ընտրություններում։ Խախտումներն են՝ պետական ռեսուրսների չարաշահում, վարչական իրավախախտումներ, բռնություն թեկնածուների, դիտորդների ու պաշտոնյաների նկատմամբ և այլն։