Շրջաններ, որտեղ դասապրոցեսը դադարեցված է

Ուսումնական գործընթացը դադարեցվել է Աջարիայի, Գուրիայի, Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի դպրոցներում, հայտնել են Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունից։

Նախարարության տվյալներով՝ ուսումնական պրոցեսը մասամբ է իրականացվում Սամեգրելո-Զեմո Սվանեթիի, Իմերեթիի, Սամցխե-Ջավախեթիի և Շիդա Քարթլիի հանրակրթական հաստատություններում։

Նախարարությունից պարզաբանել են, որ ձյան առատ տեղումների հետևանքով ծագած խնդիրների վերացման և տուժած բնակչությանն աջակցելու ընթացքում հանրակրթական դպրոցներում զինծառայողների համար հատկացվել են համապատասխան տարածքներ։

Արևմտյան Վրաստանում ձյան առատ տեղումներ են արդեն մեկ շաբաթ։ Այս ընթացքում իրավիճակն օրեցօր վատթարանում է. տեղեկություններ են ստացվում զոհերի մասին, բազմաթիվ գյուղեր կտրված են արտաքին աշխարհից, ավերվել ու վնասվել են շենքեր, անջատվել են էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումը, սպառվել է բնակչության մի մասի սննդի մատակարարումը։