Ինչ անել ակցիայի ժամանակ տուգանվելու դեպքում. պարզաբանում է իրավաբանը

Նոյեմբերի 28-ից մինչ օրս Վրաստանում ընթանում են եվրոպամետ ցույցեր: Քաղաքացիները ցույցերի միջոցով արտահայտում են իրենց բողոքը՝ պահանջելով նոր ընտրություններ և ցույցերի ժամանակ անմեղ կալանավորվածների ազատ արձակում:

Այս ընթացքում «Վրացական երազանք»-ն ընդունել է այնպիսի օրենքներ, որոնք, ըստ փորձագետների, հասարակության մեծ մասի, ՀԿ-ների, նաև արևմտյան մի շարք երկրների և քաղաքական գործիչների, խոչընդոտում են երկրում անցկացվող խաղաղ ցույցերի անցկացմանը:

Մասնավորապես՝ սույն թվականի փետրվարի 7-ից ուժի մեջ մտած Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ հավաքների և ցույցերի հետ կապված որոշ իրավախախտումներ ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հսկողության տակ են։ Սա նշանակում է, որ որոշակի դեպքերում անձին տուգանելու որոշումներ կայացնելու իրավունք ունի ոստիկանությունը։ ՆԳՆ-ի դիտարկած խախտումների թվում է երթևեկելի մասի արհեստական ​​հատումը, որի համար նախատեսված է տուգանք՝ 5000 լարի, կամ մինչև 15 օր վարչական ազատազրկում։ Ներքին գործերի նախարարությունը տուգանում է մարդկանց` որոշելով, որ ճանապարհը բնականորեն փակելու համար հանրահավաքին անհրաժեշտ թվով մարդ չի մասնակցել։

Փորձագետները «Ալիք Մեդիա Վրաստանի» հետ զրույցում ասացին, որ «Վրացական երազանք»-ի ընդունած նոր օրենքները, հատկապես տուգանքների առումով՝ անհամաչափ են և հաշվի չեն առնում քաղաքացու նվազագույն կենցաղային հնարավորությունները և միջին աշխատավարձը:

«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում «Ժողովրդավարության հետազոտական ​​ինստիտուտի» (DRI) հիմնադիր, Վրաստանի հանրային նախկին պաշտպան Ուչա Նանուաշվիլին ասաց, որ անհամաչափ տուգանքները խախտում են մարդու հիմնարար իրավունքները։

«Այս տուգանքներն անօրինական են և անհամաչափ։ Դա խախտում է քաղաքացիների իրավունքները, սրում է սոցիալական անհավասարությունն ու անարդարությունը։ Տուգանքը պետք է համաչափ լինի նվազագույն կենցաղային և միջին աշխատավարձին։ Սա նույնպես պետք է հաշվի առնել տույժեր սահմանելիս։ Լավագույն ելքը այս պահին, կարծում եմ, տուգանքների բողոքարկումն է դատարանում»,- ընդգծեց Նանուաշվիլին:

Formula հեռուստաընկերությանը տված հարցազրույցում իրավաբան Գոգա Խատիաշվիլին խոսել է հետևյալ կարևոր հանգամանքների մասին՝

ինչպես է քաղաքացին տեղեկանում, որ իր անունով տուգանման կտրոն է տրվել, երբ է համարվում տուգանքի անդորրագիրը ներկայացված, և ինչ պետք է իմանա քաղաքացին տուգանվելու դեպքում։

Ինչպե՞ս է քաղաքացին իմանում, որ իր անունով տուգանման կտրոն է տրվել (պարզաբանում է իրավաբանը).

  • Քայլերից մեկն այն է, որ քաղաքացու բնակության վայր են ժամանում քրեական ոստիկանության աշխատակիցները և հանձնում տուգանքի անդորրագիրը;
  • Հաջորդ քայլն այն է, որ քաղաքացիներին զանգում են ՆԳՆ-ից և ասում, որ իրենց նկատմամբ տուգանք է նշանակվել, և առաջարկում են ներկայանալ ոստիկանության բաժանմունք;
  • Երրորդ քայլը, որը հատկապես նկատվում է վերջին օրերին` այն է, որ քաղաքացիներին ոչ բանավոր, ոչ գրավոր չեն հայտնում, որ իրենց նկատմամբ տուգանք է նշանակվել, և քաղաքացիներն իրենց տուգանքների մասին տեղեկանում են կայքերից։

Ե՞րբ է համարվում տուգանքի անդորրագիրը ներկայացված

Տուգանքի անդորրագիրը ներկայացնելը կարևոր է, քանի որ հենց այդ ժամանակ է հաշվարկվում բողոքարկման վերջնաժամկետը (անդորրագիրը հանձնելուց 10 օրվա ընթացքում), և, հետևաբար, բողոքարկման վերջնաժամկետը բաց չթողնելու համար անձը պետք է իմանա, թե երբ է հանձնվել տուգանքի անդորրագիրը:

  • Տուգանքի անդորրագիրը համարվում է հանձնված, եթե դա ներկայացվել է քաղաքացու բնակության հասցե,
  • Եթե անդորրագիրն ուղարկվել է փոստով։

Ի՞նչ պետք է իմանա քաղաքացին տուգանվելու դեպքում

  • Օգտվել բողոքարկման հնարավորություններից,
  • Բողոք գրելիս (լինի անհատապես, թե փաստաբանի օգնությամբ) կապվել պարեկային ոստիկանության թեժ գծի հետ (հատկապես այն դեպքում, եթե քաղաքացին տուգանքի անդորրագիրը տեսել է ինչ-որ օնլայն հարթակում. թեժ գիծ՝ 0322414242),
  • Դատարանի որոշումը կայացնելուց հետո քաղաքացին կարող է 10 օրվա ընթացքում  որոշումը բողոքարկել քաղաքային դատարանում (քանի որ տուգանքի վճարման ժամկետն այդ ընթացքում կասեցվում է),
  • Եթե ​​քաղաքացու գործի մեջ տեսողականորեն շահարկված լուսանկարներ կամ տեսանյութեր հայտնաբերվեն, իրավաբանը խորհուրդ է տալիս դիմել Անձնական տվյալների պաշտպանության ծառայությանը,
  • Եթե ​​քաղաքացին չի բողոքարկում տուգանքի անդորրագիրը, ապա նա պարտավոր է վճարել տուգանքի անդորրագիրը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում,
  • Տուգանքը չվճարելու դեպքում սկսվում է այդ գումարի հարկադիր դուրսբերման գործընթացը եկամուտներից՝ ներառյալ անշարժ կամ շարժական գույքը, նրա հաշիվների վրա արգելք դնելը և այլն։

Վերջին շրջանում ընդունված օրենքների մասին կարող եք կարդալ ստորև։

«Վրացական երազանք»-ն ընդունեց ռեպրեսիվ օրենքները

Խաղաղ ցույցերը սահմանափակող օրենքների նոր փաթեթ