Աֆգան Սադիգովը սակավարյունություն ունի. SJC

Սոցիալական արդարության կենտրոնի (SJC) տվյալներով՝ ադրբեջանցի լրագրող Աֆգան Սադիգովի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր։ Կազմակերպությունը նշում է, որ նա սակավարյունության նշաններ ունի՝ տևական սովի պատճառով։

«Աֆգան Սադիգովը հացադուլի մեջ է արդեն 159 օր, նրա առողջական վիճակը մնում է կայուն ծանր: Փետրվարի 2-ին, տևական հացադուլից հետո նա հայտարարեց բացարձակ հացադուլ՝ հրաժարվելով նաև ջուր խմել մինչև փետրվարի 10-ը, ինչի արդյունքում վիճակը ծայրահեղ ծանր է, սպառնում է կյանքին: Ըստ բժիշկների, ցանկացած պահի կարող է հասնել սրտի զարկերի ցածր մակարդակի։ Այդ պատճառով նրան լրացուցիչ դեղամիջոցներ են տալիս, սակայն Սադիգովը դեռ հրաժարվում է տեղափոխվել բժշկական հաստատություն»,- ասված է կենտրոնի տարածած հայտարարության մեջ։

SJC-ի տվյալներով՝ հացադուլի արդյունքում Սադիգովն արդեն կորցրել է 40 կիլոգրամ, ներկայում նա կշռում է 56 կիլոգրամ։

Հիշեցնենք, որ Սադիգովը ձերբակալվել է օգոստոսի 3-ին Թբիլիսիում: Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Սադիգովը հետախուզվում էր Ադրբեջանի կողմից սպառնալիքների և շորթման հետ կապված հանցագործությունների համար։ Ընտանիքը ձերբակալությունը կապում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կառավարության քաղաքական հետապնդումների հետ։