Ջրցան մեքենաների վրա ավելի շատ են ծախսել, քան ձնամաքրման տեխնիկայի

Վրաստանում վերջին օրերի առատ ձյան պատճառով ստեղծված բարդ իրավիճակի, մարդկային զոհերի, ենթակառուցվածքային խափանումների ֆոնին ավելի ակնհայտ է դառնում «Վրացական երազանք»-ի սխալ քաղաքականությունը:

Վրաստանյան iFact հետաքննող լրագրողների միությունը համեմատություն է արել ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) կատարած ծախսերի մասին: iFact-ի տեղեկության համաձայն, ՆԳՆ-ի կողմից ցույցերը բռնի կերպով ցրելու ջրցան մեքենաների արժեքը կազմում է 160 հազարից մինչև 190 հազար դոլար, իսկ ահա ձնամաքրման տեխնիկայի գնումը՝ 75 հազարից 90 հազար դոլար:

Ստացվում է, որ խաղաղ ցույցերի բռնի ցրելու համար տեխնիկայի գնման ծախսերը 2 անգամ գերազանցում է մարդկային կյանքեր փրկելու համար նախատեսված ծախսերը:

Այս ֆոնին՝ 2024 թվականի հոկտեմբերին ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին տեղեկացրել էր, որ ինքը «գնել է տարբեր մոդիֆիկացիաների երեք միավոր ջրային ռեակտիվ մեքենաներ», իսկ ձնամաքրման տեխնիկայի մասին խոսք չկար:

Ի դեպ, Օզուրգեթիում ձյան առատ տեղումները հանգեցրել են զոհերի։ Գուրիա, Աջարիա, Իմերեթի գյուղերը կտրված են արտաքին աշխարհից։ Տեղի բնակիչները հոսանք ու ջուր չունեն, տները վնասված են, քաղաքացիներն օգնություն են խնդրում։