
Վրաստանում առատ ձյան պատճառով ստեղծված իրավիճակը հանգեցրել է ճանապարհների դժվարանցանելիության Ախալքալաքի, Նինոծմինդայի և Ծալկայի մունիցիպալիտետներում:
Ձյան, մերկասառույցի, ձնահոսքի և դժվարին օդերևութաբանական պայմանների պատճառով ժամանակավորապես սահմանափակ են բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94 կմ — 110 կմ հատվածում: Ծալկայի մունիցիպալիտետում ձյան տեսքով տեղումները դադարել են:
Ախալցիխե-Նինոծմինդա ճանապարհը դեռ անցանելի է, սակայն առկա է մերկասառույց:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի որոշ ճանապարհներ ևս անանցանելի են: Nor.ge-ի փոխանցմամբ` Ժդանովական-Սամեբա ճանապարհն անանցանելի է:
Ախալաքալաքում շարունակվում է առատ ձյունը, լեռնային գյուղերում ճանապարհներն անանցանելի են:
Նշենք, որ վերջին օրերին Արևմտյան Վրաստանում ձյան առատ տեղումներ են: Ձյան առատ տեղումներից տուժել են նաև Աջարիայի, Սամեգրելոյի և Իմերեթիի շրջաններում։ Էլեկտրամատակարարումը խաթարված է. Բաթումիի օդանավակայանը ժամանակավորապես փակվել է:
Ըստ առկա տեղեկությունների՝ կան փլուզումներ, զոհեր և վիրավորներ: