GYLA-ն պահանջում է Մզիա Ամաղլոբելիին տուժողի կարգավիճակ տալ

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» (GYLA) պատրաստվում է դիմել Թբիլիսիի քաղաքային դատարան և պահանջել Մզիա Ամաղլոբելիին ճանաչել որպես տուժող։

«Տուժողի կարգավիճակը նրան հնարավորություն կտա օգտվելու Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված իրավունքներից», – հայտարարել է կազմակերպությունը։

Խոսքը վերաբերում է 2025 թվականի հունվարի 12-ին Մզիա Ամաղլոբելիի ձերբակալությանը, երբ Բաթումիի ոստիկանության պետ Իրակլի Դգեբուաձեն և նույն վարչության աշխատակիցները նրա նկատմամբ կիրառել են անհամաչափ վերաբերմունք։

GYLA-ն ընդգծել է, որ Մզիա Ամաղլոբելիի ձերբակալման գործընթացը եղել է բռնի և անօրինական, քանի որ ուղեկցվել է ֆիզիկական բռնությամբ։

Կազմակերպությունը անդրադարձել է բժշկական փորձաքննության եզրակացությանը, որն  անցկացվել է ձերբակալման հենց նույն օրը՝ Լևան Սամխարաուլիի անվան դատաբժշկական փորձաքննության բյուրոյի փորձագետի կողմից։ Եզրակացության համաձայն՝ Մզիա Ամաղլոբելիի ձախ ուսի շրջանում հայտնաբերվել են արյունազեղումներ։

Ըստ GYLA-ի` գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Մզիա Ամաղլոբելիին տուժողի կարգավիճակ տրամադրելու իրավական հիմք կա։