Դերասան Անդրո Ճիճինաձեի գործը կուղարկվի Ստրասբուրգ. փաստաբան

Թբիլիսիի «Նոր թատրոն»-ի դերասան Անդրո Ճիճինաձեի փաստաբան Թոռնիկե Միգինեիշվիլիի խոսքով՝ Անդրո Ճիճինաձեի գործը կուղարկվի Ստրասբուրգ՝ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

«Ընդամենը հաշված օրեր են մնացել, որպեսզի լուծենք միայն տեխնիկական հարցերը, և Անդրո Ճիճինաձեի գործը կուղարկվի Ստրասբուրգի դատարան՝ նախնական կալանքի հարցով, որտեղ կքննարկվի առաջին իսկ ներկայացմամբ խափանման միջոց կիրառված ազատազրկման հարցը, նաև հետագա վերանայման ժամանակ նման որոշում կայացնելու հարցը», — ասել է փաստաբան Միգինեիշվիլին:

«Նոր թատրոն»-ի դերասան Ճիճինաձեին ոստիկանությունը ձերբակալել է դեկտեմբերի 5-ին՝ եվրոպամետ ցույցերում «բռնի գործողություններ կազմակերպելու, ղեկավարելու, մասնակցելու և հրապարակայնորեն կոչ անելու» մեղադրանքով։

Դեկտեմբերի 7-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը Ճիճինաձեի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը։ Նրան սպառնում է 4-6 տարվա ազատազրկում։

Ճիճինաձեն Թբիլիսիում և Վրաստանի շրջաններում մեկ ամսից ավելի շարունակվող բողոքի ցույցերի մասնակիցն է։ Ցույցերի հիմքում ընկած է «Վրացական երազանք»-ի կառավարության որոշումը, ըստ որի՝ մինչև 2028 թվականի վերջ օրակարգ չի բերվի ԵՄ անդամակցության բանակցությունների բացման հարցը։

Բողոքի ցույցերի ընթացքում մոտ 500 մարդ է ձերբակալվել։ Նրանցից տասնյակների մոտ եղել են ծեծի ու բռնության հետքեր։ Բերման ենթարկված ցուցարարներից ավելի քան 40-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքով։