
«Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանի առաջին փոխնախագահ Գիա Վոլսկին ասել է, թե ներկայում չկա որևէ հանգամանք, որը կհիմնավորի Վրաստանի ներգրավվածությունը «3+3» ձևաչափում, թեև չի բացառում դա ապագայում։
Փետրվարի 20-ին Վոլսկին խորհրդարանում լրագրողներին ասել է, թե «աշխարհում տեղի ունեցող գործընթացները կորոշեն Վրաստանի ապագա դիրքորոշումը»: Ըստ «Վրացական երազանք»-ի ներկայացուցչի՝ Վրաստանի և «մեր կառավարության» համար կարևոր է, որ «ոչ մի կերպ չվնասվեն ոչ քաղաքական իմիջը, ոչ արտաքին քաղաքականությունը, ոչ տնտեսական շահերը»։
«Հետևաբար, ապագայում կարող է ինչ-որ հանգամանք ի հայտ գա, բայց այս փուլում կարծես թե ոչինչ չի արդարացնում մեր ներգրավվածությունն այս ձևաչափում՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով։ Ուրեմն սպասենք գործընթացներին», — ասել է միակուսակցական խորհրդարանի առաջին փոխնախագահը:
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի (ԱԳ) նախարար Սերգեյ Լավրովը հերթական անգամ հայտարարել էր՝ Վրաստանի համար «3+3» ձևաչափի դուռը բաց է։ Կրեմլի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է՝ Վրաստանի «աթոռը կրկին տեղում է»։ Նման հայտարարությամբ ՌԴ ԱԳ նախարարը հանդես է եկել 2025 թվականի հունվարին և 2024-ի հոկտեմբերին։
Անցյալ տարվա սեպտեմբերի 29-ին Լավրովը հայտարարել էր, թե «Մոսկվան պատրաստ է օգնել Աբխազիային, Հարավային Օսիային և Վրաստանին հարաբերությունների կարգավորման գործում»։ Ավելի ուշ Վրաստանի երկու օկուպացված շրջանների դե ֆակտո արտգործնախարարների հետ հանդիպմանը Լավրովը հայտարարել էր, որ «2008 թվականի որոշումները վերանայման ենթակա չեն»։
Նշենք, որ օրերս Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության փոխնախարար Միխայիլ Գալուզինը խոսել է Վրաստանի հետ հարաբերությունների զարգացման մասին: Վերջին տարիներին «Վրացական երազանք»-ի ակտիվ հակաարևմտյան հռետորաբանության և եվրաինտեգրման ուղուց շեղվելու պայմաններում Մոսկվայում Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հույսեր ունենալը վրացի որոշ փորձագետներ թակարդ են անվանում: Ասում են՝ Մոսկվան պարբերաբար նման հայտարարություններով փաստում է, որ «Վրացական երազանք»-ի պատճառով տիրող իրավիճակի հետևում ռուսական ազդեցությունն է:
«3+3» ձևաչափը ենթադրում է համագործակցություն անվտանգության, տնտեսության և տրանսպորտի ոլորտներում։ Վրաստանի պաշտոնական դիրքորոշումն ի սկզբանե եղել է այն, որ մտադիր չէ մասնակցել այս հարթակին։ Ձևաչափի շրջանակներում առաջին հանդիպումը կայացել է 2021 թվականին Մոսկվայում, երկրորդը՝ Թեհրանում 2023 թվականին, երրորդը՝ Թուրքիայում։
2020 թվականի դեկտեմբերին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց Հարավային Կովկասում Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի մասնակցությամբ «տարածաշրջանային համագործակցության նոր հարթակ՝ ամուր խաղաղություն և կայունություն ապահովելու համար» (3+3) ստեղծելու նախաձեռնության մասին։ Դա տեղի է ունեցել Բաքվում Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպումից հետո, որին նախորդել էր Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագիրը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին:
Մոսկվան Թբիլիսիին կրկին «3+3» է հրավիրում. ԱԳՆ-ից արձագանք չկա