
Ռուսաստանն օկուպացրած և «անկախ հանրապետություն» ճանաչած Վրաստանի Ցխինվալիի շրջանից (Հարավային Օսիա) պահանջում է վերադարձնել մահացած թոշակառուների հարազատների յուրացրած կենսաթոշակային ֆոնդերը։
Վրաստանյան Radiotavisupleba լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ռուսաստանի կառավարությունը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել արձանագրություն, ըստ որի՝ պետք է փոփոխություն կատարվի «Հարավային Օսիայի հետ հանրապետության տարածքում մշտապես բնակվող ՌԴ քաղաքացիների կենսաթոշակային ապահովման մասին համաձայնագրում»։
Օկուպացված Ցխինվալիի շրջանի բնակիչների մեծամասնությունը Ռուսաստանի քաղաքացիություն ունի և, համապատասխանաբար, ստանում է ռուսական թոշակ։ 2024 թվականի տվյալներով՝ Ռուսաստանի քաղաքացու միջին կենսաթոշակը կազմել է 23 հազար 405 ռուբլի։
ՌԴ կառավարության կողմից Դումային ներկայացված բացատրական գրության մեջ ասվում է, որ «հարավօսական կողմը» պետք է վերադարձնի կենսաթոշակային գումարը և նպաստները, որոնք ստացել են թոշակառուների հարազատները նրանց մահից հետո, քանի որ նրանք ժամանակին չեն հաստատել թոշակառուի մահվան փաստը՝ համապատասխան ընթացակարգով։ ՌԴ կառավարության տվյալներով՝ այս գումարը 2016-2024 թվականներին կազմել է 37 մլն 762 հազար 810 ռուբլի։
Ցխինվալիի շրջանը՝ Վրաստանի տարածքի մի մասը, որը լիովին օկուպացրել է Ռուսաստանը 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո, և որտեղ սոցիալ-տնտեսական վիճակը ծանր է, ամբողջովին կախված է Մոսկվայի ֆինանսավորումից։ Ռուսաստանը զգալիորեն կրճատել է այդ օգնությունը Ուկրաինայի պատերազմի մեկնարկից հետո։