ՆԳՆ-ն լրագրողներին մեղադրում է ճանապարհը փակելու մեջ

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) վարչական իրավախախտման վերաբերյալ հաղորդումներ է ներկայացրել եվրոպամետ ցույցերը լուսաբանող մի քանի լրագրողների նկատմամբ՝ նրանց մեղադրելով ճանապարհը փակելու մեջ։ Նրանցից յուրաքանչյուրին սպառնում է 5000 լարիի տուգանք:

Վրաստանի «Լրագրողական էթիկայի խարտիա»-ն կազմել է հանրահավաքում աշխատող լրագրողների ցուցակը, ովքեր մեղադրվում են ՆԳՆ-ի կողմից։ Ոստիկանությունը ճանապարհը փակելու մեջ է մեղադրում

  1. Studio Monitor-ի լրագրող Նինո Շուբիթիձեն, փետրվարի 17-ին,
  2. Studio Monitor-ի լրագրող Նինո Ծվերավան, փետրվարի 17-ին,
  3. TV Pirveli-ի ֆոտոօպերատոր և օպերատոր Գիորգի Մոսիաշվիլի, հաղորդվել է փետրվարի 21-ին,
  4. Publica-ի լրագրող Բաստի Մգալոբլիշվիլի, փետրվարի 14-ին,
  5. Tabula-ի լրագրող Բեքա Ջիքուրաշվիլի, փետրվարի 14-ին,
  6. Tabula-ի լրագրող Նիկոլոզ Շիրակաձե, հունվարի 17-ին,
  7. «Մթավարի արխի»-ի լրագրող Նաթիա Գոգսաձե, փետրվարի 2-ին,
  8. «Մթավարի արխի»-ի լրագրող Ալեքսանդրե Սաջաիա, հունվարի 4-ին,
  9. «Մեդիա Ապրիլի»-ի ֆոտոլրագրող Վախո Քարելի, հունվարի 26-ին,
  10. «Ազատություն ռադիոկայան»-ի լրագրող Էկա Քևանիշվիլի, հունվարի 22-ին,
  11. Euronews-ի լրագրող Դավիթ Կեկենաձե, հունվարի 3-ին,
  12. «Ազատություն ռադիոկայան»-ի լրագրող Սալոմե Չադունելի, նոյեմբերի 10-ին,
  13. «Մեցխրե տալղա» հեռուստաընկերության ղեկավար Գերմանե Սալիա, դեկտեմբերի 13-ին:

«Այս ամենը կամ միտումնավոր քաղաքականության արդյունք է, որն ուղղված է լրագրողների աշխատանքային միջավայրի հետագա վատթարացմանը և նրանց գործունեության շրջանակը սահմանափակելուն, կամ, լավագույն դեպքում, լուրջ համակարգային խնդիր է, որին պետք է շտապ արձագանքեն ՆԳՆ-ն և դատական ​​համակարգը», — ասված է խարտիայի հայտարարության մեջ։

Արդեն 86 օր է՝ նոյեմբերի 28-ից, Թբիլիսիում և այլ քաղաքներում ընթանում են եվրոպամետ ցույցեր։ Բողոքի շարունակական ալիքը հաջորդեց «Վրացական երազանք»-ի այն հայտարարությանը՝ որոշել են մինչև 2028 թվականը օրակարգ չբերել Եվրամիության հետ անդամակցության բանակցությունների բացման հարցը:

Ցուցարարներն իրենց բողոքն արտահայտում են երթերով և ելույթներով։ Նրանք պահանջում են նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել և ազատ արձակել ձերբակալվածներին: