Նվիրատվության հարթակ քաղհասարակության ու լրատվամիջոցների համար

Եվրոպամետ ցույցերին աջակցող Freebusiness.ge կայքը գործարկել է քաղաքացիական հասարակությանը և լրատվամիջոցներին ուղղվող նվիրատվությունների հարթակ:

Հատկանշական է, որ կայքը մինչ այդ միավորում էր բիզնես ընկերություններին, որոնք դեմ էին «գործակալների մասին» օրենքին:

Նվիրատվության հարթակը կմիավորի վրացական ընկերություններին, որոնք պաշտպանում են երկրում խորհրդարանական նոր ընտրությունների պահանջը։

Հարթակի հավելվածը կոչվում է Freedonation: Դա կօգտագործվի քաղաքացիական հասարակությանը և լրատվամիջոցներին աջակցելու համար գումար հավաքելու նպատակով: Այս պահին Freedonation-ով հնարավոր է նվիրատվություններ կատարել tvpirveli.ge-ին, mtavari.ge-ին, formula.ge-ին, հեռուստահաղորդավարուհի Նանուկա Ժորժոլիանիին, նաև քաղհասարակության կազմավորած հարթակներին, որոնք կազմակերպում են բողոքի ցույցերը։

Ամենաշատ աջակցություն ստացել է Նանուկա Ժորժոլիանիի հիմնադրամը:

«Ժողովրդավարական գործընթացների խթանումը հասարակության պարտականություններից է։ Այս հարթակի նպատակն է մեկ միջավայրում համախմբել բոլոր նրանց, ովքեր աջակցում են ժողովրդավարությանը և հեշտացնում հասարակության կողմից նրանց աջակցելը»,- ասված է կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։