Կոնգրեսականը ողջունում է ԱՄՆ պատվիրակների հանդիպումը Զուրաբիշվիլիի հետ

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի համանախագահ Ջո Ուիլսոնն X-ում իր երախտագիտությունն է հայտնել անցյալ շաբաթ Մյունխենի համաժողովի շրջանակներում Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ ամերիկյան պատվիրակության հանդիպման առիթով։

Հանրապետական ​​կոնգրեսականը X հարթակում գրում է, որ քաղաքական ճգնաժամից միակ ելքն ազատ ու արդար ընտրություններն են։

«Շնորհակալ եմ, որ անցած շաբաթ ամերիկյան պատվիրակությունը հանդիպեց Վրաստանի օրինական նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։ Վրացի խիզախների բողոքի 85-րդ օրն է։ Ազատ և արդար ընտրությունները միակ ճանապարհն են։ Ազատություն քաղբանտարկյալներին»,- գրել է Ջո Ուիլսոնը։

Հիշեցնենք՝ փետրվարի 14-16-ը Մյունխենում կայացել է անվտանգության համաժողով, որին մասնակցել են 60 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, 150 նախարարներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։ «Վրացական երազանք»-ի կառավարությունը չի մասնակցել 2025-ի Մյունխենի անվտանգության համաժողովին։