Նախագահի ինստիտուտը Վրաստանում. Գամսախուրդիայից մինչև այսօր

Այս տարվա հունվարին խորհրդարանում կայացան Վրաստանի նախագահի ընտրությունները։ Միխեիլ Կղավելաշվիլին դարձավ Վրաստանի 6-րդ նախագահը և առաջինը ում ընտրեց խորհրդարանական կոլեգիան, այլ ոչ թե ժողովուրդը։ Նախագահի ինստիտուտը առաջին նախագահից՝ Զվիադ Գամսախուրդիայից մինչև այսօր զգալի փոփոխությունների է ենթարկվել, ինչպես և կառավարման կարգը, որը նախագահականից դարձել է խորհրդարանային։ 

Զվիադ Գամսախուրդիա 1991 թ. 

Վրաստանում նախագահի ինստիտուտը զգալի փոփոխություններ է կրել 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից անկախությունը վերականգնելուց հետո։ 1991 թվականին առաջին անգամ անցկացվեցին բազմակուսակցական ընտրություններ, որում հաղթանակից հետո Գերագույն խորհուրդը Զվիադ Գամսախուրդիան ընտրեց որպես առաջին նախագահ։

Վրաստանի Հանրապետության նախագահ կարող էր ընտրվել ծնունդով Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 35-ից 65 տարեկան, որը մշտապես բնակվել է Վրաստանում առնվազն վերջին 5 տարում։ Վրաստանի Հանրապետության նախագահն ընտրվելու էր հինգ տարի ժամկետով Վրաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից՝ համընդհանուր, հավասար և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ։ Վրաստանի Հանրապետության նախագահի ընտրությունները կայացած կհամարվեին, եթե դրանց մասնակցեր ընտրողների կեսից ավելին։

Գամսախուրդիյի կառավարումը կարճ տեւեց 1992-ի թվականին ռազմական հեղաշրջման պատճառով։ 

Խորհրդարանի նախագահ

1991-1992 թվականների դեկտեմբեր-հունվարի հեղաշրջման արդյունքում Զվիադ Գամսախուրդիայի հակառակորդները նախագահի  ինստիտուտը չեղարկված հայտարարեցին, այն համարելով Վրաստանի համար ոչ պիտանի և երկրում իրադարձությունների ոչ ժողովրդավարական զարգացման հիմնական պատճառներից մեկը։ Ուստի 1992 թվականի հոկտեմբերի 11-ի ընտրություններից հետո Շևարդնաձեն ընտրվեց  խորհրդարանի նախագահի պաշտոնին։  1992-1995 թվականներին Վրաստանի բարձրագույն իշխանությունը կոչվում էր «պետության ղեկավար», իսկ նրա գործառույթները կատարում էր խորհրդարանի նախագահը։

1995 թ. նոր սահմանադրությունը կրկին ներմուծեց «նախագահի» պաշտոնը։  Սահմանադրությամբ Վրաստանը հայտարարվեց նախագահական հանրապետություն և հաշվի առնելով նախագահի լայն իրավասությունները այն կոչում էին սուպերնախագահական։ Ըստ Շևարդնաձեի` նման սիստեմը երկիրը դուրս կհաներ ճգնաժամից։ 

Սահմանադրությունը հաշվի չէր առել վարչապետի պաշտոնը՝ նրա իրավասությունը փաստացի կատարում էր նախագահը։

Վարդերի հեղափոխությունից հետո

2003 թվականի «Վարդերի հեղափոխությունը» հանգեցրեց սահմանադրական զգալի փոփոխությունների՝ նոր նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի օրոք: Ստեղծվեց վարչապետի պաշտոնը, որը պետք է նախագահի իրավասությունները բալանսավորեր։ Նման այլ փոփոխություններով սիստեմը ավելի կիսանախագահական դարձավ, սակայն փաստացի նախագահի իրավասությունները ավելի ընդլայնվեցին։ Օրինակ, նախագահը ստացավ խորհրդարանը արձակելու իրավասություն, նաև ավելացավ նախագահի ազդեցությունը պետական ​​հաստատությունների վրա։ 

Սահմանադրության 2013 թվականի խմբագրում

2010 թվականից սկսվեց սահմանադրական ռեֆորմի իրականացումը, ըստ որի` Վրաստանը պետք է վերափոխվեր խորհրդարանական հանրապետության։ Այս փոփոխություններն ուժի մեջ մտան 2013 թվականին Սաակաշվիլիի նախագահական ժամկետի ավարտից հետո՝ զգալիորեն նվազեցնելով նախագահի լիազորությունները և մեծացնելով վարչապետի դերը երկրի կառավարման գործում։ 

Սահմանադրության 2017 թվականի խմբագրում 

2013 թվականին Գիորգի Մարգվելաշվիլիի ընտրվելուց հետո նախագահի պաշտոնը դարձավ ավելի խորհրդանշական՝ իրական գործադիր իշխանությունը փոխանցվեց վարչապետին և խորհրդարանում իշխող կուսակցությանը: 2017 թվականի փոփոխությունները հանգեցրին նրան, որ Վրաստանը դարձավ սուպերխորհրդարանական հանրապետություն։ Ի դեպ, Մարգվելաշվիլին 2017 թվականի սահմանադրական փոփոխությանը վետո դրեց, սակայն վետոն հաղթահարելուց հետո նոր սահմանադրությունն ուժի մեջ մտավ։  

Ըստ «նոր» սահմանադրության` նախագահը այլևս ուղիղ ընտրություններով չպետք է ընտրվեր, այլ խորհրդարանական կոլեգիայի կողմից։ Գիորգի Մարգվելաշվիլին քննադատում էր այս որոշումը` ասելով, որ ժողովուրդը պետք է ունենա նախագահին ընտրելու իրավունք։ 

2018 թվականին Վրաստանի 5-րդ նախագահ ընտրվեց Սալոմե Զուրաբիշվիլին։

2017 թվականի Սահմանադրության խմբագրման համաձայն՝ Վրաստանի նախագահը Վրաստանի ղեկավարն է, երկրի միասնության և ազգային անկախության երաշխավորը։ Վրաստանի նախագահը Վրաստանի ռազմական ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է։ Վրաստանի նախագահը ներկայացնում է Վրաստանը արտաքին հարաբերություններում։ Նախագահին ընտրում է ընտրական կոլեգիան 5 տարի ժամկետով՝ փակ գաղտնի քվեարկությամբ՝ առանց բանավեճի։ Նույն մարդը Վրաստանի նախագահ կարող է ընտրվել միայն երկու անգամ։ Վրաստանի նախագահ կարող է ընտրվել Վրաստանի այն քաղաքացին, ով քվեարկելու իրավունք ունի և Վրաստանում ապրել է առնվազն 15 տարի։

Ընտրական կոլեգիան բաղկացած է 300 ընտրողից։ Կոլեգիայի անդամ են Վրաստանի խորհրդարանի բոլոր անդամները և Աբխազիայի և Աջարիայի ինքնավար հանրապետությունների բարձրագույն ներկայացուցչական մարմինների բոլոր անդամները։

Նախագահի իրավասությունները

  • Կառավարության համաձայնությամբ ներկայացնում է Վրաստանը արտաքին հարաբերություններում, բանակցություններ է վարում այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ, կնքում է միջազգային պայմանագրեր, ընդունում է այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների դեսպաններին և դիվանագիտական ​​այլ ներկայացուցիչների։ Կառավարության առաջարկությամբ նշանակում և ազատում է Վրաստանի դեսպաններին և այլ դիվանագիտական ​​ներկայացուցիչների։ Կնքում է պայմանագիր Վրաստանի ավտոկեֆալ ուղղափառ եկեղեցու հետ։ 
  • նշանակում է խորհրդարանի և ՏԻՄ ընտրությունները։ 
  • պաշտոնի է նշանակում տարբեր բարձր պաշտոնյաների, այդ թվում՝ Արդարադատության գերագույն խորհրդի անդամներին 
  •  Ներում է շնորհում դատապարտյալներին։ 
  • Սահմանված կարգով լուծում է քաղաքացիության, ապաստան տալու հարցերը։ 

Եվ իրականացնում է օրենքով սահմանված այլ իրավասություններ։ Վերոնշյալ իրավասություններն իրականցնելիս նախագահին հարկավոր չէ վարչապետի ստորագրությունը (կոնտրասիգնացիան)։ 

Հեղինակ՝ Մարիաննա Մանուկյան