
Ախալքալաքի քաղաքապետարանը փոփոխություն է կատարել 2025 թվականին ուսանողների կրթության ֆինանսավորման կանոնակարգում։
Փոփոխության համաձայն՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների ուսման վարձը տեղական բյուջեից կֆինանսավորվի 50 տոկոսով։ Ֆինանսավորումը կտրամադրվի միայն հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններին՝ բակալավրիատի և «1+4» ծրագրերի համար, նաև հավատարմագրված քոլեջներին՝ ինչպես Վրաստանում, այնպես էլ արտերկրում։
Ուսման ֆինանսավորումը կսահմանվի մեկ ուսանողի համար մինչև 1125 լարիի չափով, որը չի գերազանցում տարեկան ուսման վարձի 50 տոկոսը: Միանվագ օգնություն (օրացուցային տարին մեկ անգամ, մեկ ուսումնական տարվա համար) կտրամադրվի այն ուսանողին (մինչև 27 տարեկան), ով չի օգտվում պետական այլ ծրագրից և չի ստացել պետական դրամաշնորհ։
Համայնքային փոխհատուցումը կտրամադրվի՝
- ծնողազուրկ ուսանողներին,
- հաշմանդամության կարգավիճակ (կտրուկ, զգալիորեն արտահայտված աստիճան) ունեցող ուսանողներին,
- բազմազավակ ընտանիքի ուսանողին,
- սոցիալապես անապահով (հաշվառված է անապահով ընտանիքների տվյալների միասնական շտեմարանում, ընտանիքի վարկանիշային միավորը 0-ից 100 000 է) ուսանողներին (յուրաքանչյուր նման ընտանիքից մեկ ուսանողի),
- Երեք և ավելի ուսանող ունեցող ընտանիքների ուսանողներին,
- Հաշմանդամ ծնող ունեցող ուսանողներին,
- Միայնակ ծնողի կարգավիճակ ունեցող ուսանողներին (անկախ տարիքից)։
Նշենք, որ ամեն տարի միայն մեկ անգամ՝ ուսումնական տարվա սկզբին կտրամադրվի աջակցությունը։
Համայնքային աջակցությանը դիմելու համար ուսանողը պետք է Ախալքալաքի քաղաքապետարան ներկայացնի համապատասխան փաստաթղթերը՝
- դիմում,
- նույնականացման քարտի պատճեն,
- հավատարմագրված ուսումնական հաստատությունից վկայական, որը կվկայի պետական ֆինանսավորման բացակայությունը։
Նշենք նաև, որ վճարումը կկատարվի անկանխիկ վճարման եղանակով՝ գումարը կփոխանցվի հավատարմագրված հաստատության բանկային հաշվեհամարին։
Հեղինակ՝ Լուսինե Նուրջանյան